Home / Հայաստան / Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Ռուսաստանը ֆավորիտ է. Վարդան Մինասյան

Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Ռուսաստանը ֆավորիտ է. Վարդան Մինասյան

«Եթե ֆունկցիոնալ առումով 100 տոկոսով պատրաստ չենք, ապա պետք է օգտագործենք մարտական ոգին, այնպես որ 90 րոպե խաղալ կարծում եմ կարող ենք», այս մասին այսօր`մարտի 25-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Վարդան Մինասյանը նշեց, որ բոլոր 21 թեկնածուները պատրաստ են հանդիպմանը, միաժամանակ հավելեց, որ դեռ չի ընտրել այն 18 ֆուտբոլիստներին, ովքեր հայտավորվելու են խաղին:

«Մարտի 22-ին սկսեցինք նախապատրաստական փուլը, սակայն վերջին պահին “Բանանց” ակումբից տեղեկացանք, որ Արարատ Առաքելյանը վնասվածք է ստացել և չի կարող խաղալ: Այս պահին 21 թեկնածուները պատրաստ են խաղին` թե ֆունկցիոնալ և թե հոգեբանական առումներով: Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների Ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով հավասար վիճակում են»:

Մինասյանը նշել է նաև, որ Առաքելյանի բացը կարող են լրացնել Արթուր Յուսպաշյանը և Վալերի Ալեքսանյանը: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ըստ Մինասյանի, նա կարող է մասնակցել ողջ հանդիպմանը:

«Ես կողմնորոշվել եմ հիմնական կազմի ընտրության հարցում, բացի մի դիրքից, որը մարզչական շտաբում քննարկումից հետո պարզ կլինի: Այդ պատճառով չեմ կարող ասել հիմա Պաչաջյանը կխաղա, թե ոչ: Մեր առաջնային խնդիրը լավ ֆուտբոլ ցուցադրելն է: Նշանակություն չունի, խաղն անցնում է սեփական հարկի տակ, թե հակառակորդի դաշտում: Դա կարևոր է միայն ստրատեգիական առումով, այն էլ գավաթային հանդիպումների ժամանակ: Եթե թիմը կարգով բարձր է, մարզադաշտի աուրան չպիտի ազդի խաղի վրա, բայց, ինչ խոսք, Հայաստանի հավաքականին վաղվա աջակցությունը մեծ օգուտ կտա»,-ասել է Մինասյանը:

Նա նաև ընդգծել է. «Ես Հայաստանի նախագահի կողմից խաղ հաղթելու խնդիր չեմ ստացել: Ես ունեմ միայն մի խնդիր` շարունակել այն, ինչ անում էին անցյալ տարի: Կարևորը, բարձրորակ խաղ ցուցադրելն է, իսկ խաղի որակից կախված է նաև արդյունքը»:

Հայաստանի հավաքականի մարզիչը նշեց նաև, որ ծանոթացել է ռուսների խաղին` դիտելով վերջին երկու ընկերական հանդիպումները:

«Ես նայել եմ Ռուսաստանի հավաքականի երկու ընկերական խաղերը Իրանի և Բելգիայի հավաքականների դեմ: Լուրջ չեմ վերաբերվում այդ խաղերին, որովհետև այդպիսի հանդիպումներում մոտիվացիան ուրիշ է: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Ռուսաստանը ֆավորիտ է: Սակայն, եթե ռուսաստանցիները այդպես են համարում, կարծում եմ նորմալ է»:

Վերջում Մինասյանը նշեց,  որ «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի որակը արտակարգ է, և երկու թիմերի համար էլ հարմար կլինի խաղալ: