Home / Հայաստան / Երևանյան ոչ-ոքի. կարո՞ղ էր արդյոք Հայաստանի հավաքականը հաղթանակ տանել

Երևանյան ոչ-ոքի. կարո՞ղ էր արդյոք Հայաստանի հավաքականը հաղթանակ տանել

Երեկ Հանրապետական ստադիոնը լքելիս՝ երկրպագուների շրջանում բուռն վեճեր էին ծավալվում: Շատերը գոհ էին Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման արդյունքից՝ այն համարելով տրամաբանական և համապատասխան հանդիպման ընթացքին: Կային երկրպագուները, ովքեր, այնուամենայնիվ, խոսում էին հաղթանակի հնարավորության մասին: Այս վերջինը փաստը բավական խոսուն է, թեև առաջին հայացքից թվում է, որ ոչ-ոքին առավելագույնն էր, ինչին մենք կարող էինք հասնել Ռուսաստանի հետ երեկվա խաղում: Սակայն եթե փորձենք ավելի մանրամասն վերլուծել հանդիպման իրադարձությունները, ապա կհասկանաք, որ հաղթանակի մասին զրույցները չափազանցված չեն: Մեր թիմի խաղի բացասական ընկալման վրա մեծապես ազդեցին առաջին խաղակեսի միջնամասից սկսած և մինչև 40-րդ րոպեն տևած այն 15 րոպեները, որոնց ընթացքում Ռուսաստանի ընտրանին պաշարել էր մեր տուգանային հրապարակը, անկյունայիններով անընդհատ ստուգում էր մեր պաշտպանների և դարպասապահ Ռոման Բերեզովսկու նյարդերը: Սակայն Բերեզովսկին, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է ռուսաստանյան ֆուտբոլում, իրեն փայլուն դրսևորեց, իսկ երկրորդ խաղակեսին մեր թիմը կտրուկ փոփոխեց հանդիպման դինամիկան և դաշտում կրկին հավասար պայքար ծավալվեց: Նշենք, որ մինչ ռուսաստանցիների ակտիվության մեկնարկը Վարդան Մինասյանի սաներն ավելի լավ տպավորություն էին թողնում. հայաստանցիները միջին տարածությունից հարվածներով երկու անգամ լրջորեն անհանգստացրեցին մրցակցի դարպասապահ Իգոր Ակինֆևեին:

Այն, որ Հայաստանի հավաքականն առնվազն չզիջեց մրցակցին խաղադաշտում, ապացուցում է նաև վիճակագրությունը: Երկու թիմերը 9-ական հարված են կատարել դեպի դարպասը, ընդ որում՝ Հայաստանի հավաքականը դարպասին 3 հարված է կատարել, իսկ Ռուսաստանի ընտրանին՝ երկու: Հյուրերն ավելի շատ են խախտել կանոնները՝ 13-ը մեր 8-ի դիմաց: Եվ միայն անկյունայինների քանակն է, որ ընդգծում է ռուսաստանցիների առավելությունը՝ 13-ը 1-ի դիմաց, սակայն մեծ հաշվով, բացի անկյունայինների նման քանակից հյուրերը շատ բան քաղել չկարողացան, ևս մեկ անգամ կրկնենք՝ շնորհիվ Ռոման Բերեզովսկու, ով անսխալ խաղաց:

Եվս մեկ խոսուն փաստ. հանդիպման ամենավտանգավոր պահը ստեղծել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, երբ Յուռա Մովսիսյանը արդեն շրջանցեց Ակինֆեևին, սակայն մոտ տարածությունից նրա հարվածը շեղ ստացվեց: Իհարկե, մեծ հաշվով ոչ-ոքին առավելապես արտահայտում էր այն, ինչ տեղի ունեցավ Հանրապետական ստադիոնի դաշտում, սակայն ասել, որ երկրպագուները չեն կարող խոսել հաղթանակի հնարավորության մասին,  սխալ կլիներ:

Հայաստան-Ռուսաստան խաղից և երկրպագուների վերաբերմունքից ամենակարևոր հետևությունն այն է, որ Հայաստանի ընտրանին պատրաստ է խաղալ Եվրոպայի ուժեղագույն թիմերի դեմ, և ոչ միայն խաղալ, այլև յուրաքանչյուր խաղում դրական արդյունք ակնկալել: Հայաստանի հավաքականը ընտրական փուլում արդեն իսկ չի պարտվել 4 խաղում անընդմեջ՝ տանելով երկու հաղթանակ և երկու անգամ ոչ-ոքի խաղալով: Այս ամենը թույլ է տալիս լավատեսորեն տրամադրվել Հայաստանի հավաքականի ապագայի նկատմամբ:

Լուսանկարը՝ Getty Images uefa.com-ից: