Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանի խոսքը դիպուկ էր, բայց Հովհաննիսյանը հացադուլն իր կամքով է դադարեցնելու

ԱՄՆ դեսպանի խոսքը դիպուկ էր, բայց Հովհաննիսյանը հացադուլն իր կամքով է դադարեցնելու

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ով առանձնազրույց է ունեցել Հովհաննիսյանի հետ:

Epress.am-ի թղթակիցը Րաֆֆի Հովհաննիսյանից փորձել է պարզաբանել, թե արդյոք Յովանովիչը հորդորել է նրան դադարեցնել հացադուլը:

«Պատահում է մարդու կյանքում, որ լռությունը շատ ավելի զորեղ է, քան խոսքը, պահանջը, վերջնագիրը, ուստի տիկին դեսպանի այցի ընթացքում, քննարկելով իմ առողջության խնդիրը, ստեղծված ներքաղաքական վիճակը, Ազատության հրապարակի գեղեցկությունը, չեղավ խոսքով հորդոր դադարեցնելու հացադուլը, բայց այն շատ ավելի դիպուկ էր և բարձրաձայն, քան թե ցանկացած շվածություն կարող է լինել», – ասել է Հովհաննիսյանը:

Մեր այն հարցին, թե ի վերջո, չի պատրաստվում նա դադարեցնել հացադուլը` հաշվի առնելով բոլոր հորդորները, Հովհաննիսյանը ասել է.

«Հազարավոր համաքաղաքացիների առջև պատասխանատվություն եմ զգում, ցավ եմ ապրում, որ իրենք են ցավում ինձ համար, իհարկե, սրտամոտ է իրենց կոչը, ու երբ իմ ժամը հնչի, դա նաև հենք կլինի: Բայց ես եկել եմ Ազատության հրապարակ քաղաքացիական իմ կամքով, և իմ կամքն է ժամկետը որոշելու` որպես հոգևոր ուժ ընդունելով այդ բոլոր հորդորները»: