Home / Հայաստան / Հոսնի Մուբարաքը տնային կալանքի տակ է գտնվում

Հոսնի Մուբարաքը տնային կալանքի տակ է գտնվում

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը երկիրը չի լքել և գտնվում է տնային կալանքի տակ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նման հայտարարությամբ են հանդես եկել Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհրդի ներկայացուցիչները, որոնք Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո իշխանությունը ժամանակավորապես իրենց ձեռքն են վերցրել: Այսպիսով ժամանակավոր իշխանությունը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Եգիպտոսի նախկին առաջնորդը իբր փախել է երկրից և թաքնվել Սաուդյան Արաբիայում:

Եգիպտական «Ալ-Ահրամ» պարբերականը` կրկին հղում կատարելով միևնույն Գերագույն խորհրդին, հայտնում է, որ Մուբարաքի հետ միասին տնային կալանքի տակ են գտնվում նաև նրա ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ շուրջ 30 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հոսնի Մուբարաքը պաշտոնանկ արվեց 2011 թվականի փետրվարի 11-ին: