Home / Հայաստան / Վրաստանի հայկական թեքումով դպրոցներում կավելացնեն հայոց լեզվի ժամերը

Վրաստանի հայկական թեքումով դպրոցներում կավելացնեն հայոց լեզվի ժամերը

Վրաստանի հայկական թեքումով դպրոցներում հայերենի դասավանդման ժամերը կավելացվեն: Համապատասխան համաձայնագիր է ստորագրվել Թբիլիսիում Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և նրա վրացի գործընկեր Դմիտրի Շաշկինի միջև:

ԿԳ Նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ` այսուհետ Վրաստանի հայկական թեքումով դպրոցներում հայերենի և վրացերենի դասավանդման ժամերը կհավասարեցվեն:

Հայկական թեքումով դպրոցներում հայերենի դասավանդման ժամերը կրճատվել էին 2010 թվականին, ինչը բացասական արձագանք էր գտել հայկական համայնքում:

Բացի դրանից, պայմանավորվածության համաձայն, հայ մասնագետները այսուհետ կմասնակցեն վրացերեն դասագրքերի հայերեն թարգմանության աշխատանքներին:

Կշարունակվեն նաև հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Նախարարները նաև երկու երկրների ուսանողներին 10 կրթաթոշակային տեղ հատկացնելու մասին հուշագիր են ստորագրել: