Home / Հայաստան / «Դաշտը զբաղված է…». Ի՞նչ շարունակություն կունենա երևանյան «Հեղաֆորումը»

«Դաշտը զբաղված է…». Ի՞նչ շարունակություն կունենա երևանյան «Հեղաֆորումը»

Այսօր Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում տեղի է ունեցել «Հեղաֆորում» քննարկումը, որի մասնակիցները թեյի և բուտերբրոդների սեղանի շուրջ քննարկել են երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունները և ուղիները:

«Հեղաֆորումին» մասնակցում էին մի քանի տասնյակ անձինք, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների անդամներ, մասնավորապես, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լառա Ահարոնյանը, գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Արտ լաբորատորիա» խմբի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը:

Epress.am –ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասել է, որ նման ֆորումը լայն մասշտաբների գործողություն է, և այն պետք է շարունակի ծավալվել:

«Այս ֆորումից հետո քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան, այստեղից մտքեր վերցնելով, այսօր արդիական խնդիրների համար լուծումներ գտնել և փոփոխություն մտցնել, որովհետև այդ փոփոխությունը, միևնույնն է, պետք է տեղի ունենա միավորման միջոցով` քաղաքական և հասարակական կազմակերպությունների մակարդակով»,- ասել է Փոստանջյանը:

«Հեղաֆորումի» մասնակից Իզաբելլա Սարգսյանն էլ միջոցառման նպատակներից մեկը համարել է տարբեր քաղաքացիական ուժեր ներկայացնող մարդկանց իրար հետ ծանոթացնելը:

«Երկրորդը այն է, որ մենք ուզում ենք որոշակի առաջարկներ ձևավորել առ այն, թե ինչպես կարելի է շարունակել այս ակտիվությունը»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ ֆորումի ընթացքում աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնք օրվա վերջին, որոշակի առաջակներով են հանդես գալու:

«Ես  կոնկրետ աշխատելու եմ «Իշխանափոխություն և ընտրություններ» խմբում, տեսնենք` վերջում ինչ կստացվի», – նշել է նա:

Կազմակերպիչներից «Հույս» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ֆորումի նպատակը նաև հասարակական պահանջի ձևավորումն է:

«Երբ կան քաղաքական կուսակցություններ, որոնք ունեն հստակ պահանջներ, դա հոյակապ ա, բայց դրանից առաջ պետք է լինի հասարակական պահանջ, պարտադիր չի, որ բոլոր քաղաքացիները լինեն այս կամ այն կուսակցության անդամ կամ համակիր: Երբ քաղաքացին չի ձևավորում հասարակական պահանջը, այլ սպասում է, որ քաղաքական կուսակցությունն իր փոխարեն ձևավորի այն, մենք ունենում ենք կոռումպացված իշխանություն: Հիմա, որպեսզի նման բան չլինի, պետք ա նման ձևով հասարակական պահանջ ձևավորվի»,- ասել է նա:

Նա նշել է, որ իրենք կցանկանային, որ միջոցառումն անցկացվեր Ազատության հրապարակում, ու այդպես էլ կանեին, եթե իրենց տարածք չտրամադրվեր:

«Որովհետև հրապարակը, հասարակական տարածքը ոչ միայն պետք է լինի միտինգի տեղ, այսինքն` մի քանի հոգի խոսեն, մյուսները լսեն, այլ այնպիսի վայր, որտեղ բոլորը մասնակցելու հնարավորություն ունենան»,- մասնավորեցրել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ այսօրվա ֆորումից հետո նախաձեռնության խմբի ֆունկցիաները վերջանում են.

«Այս օրվանից հետո հնարավոր է այլ խմբեր ձևավորվեն` մեկը գնա, դառնա դեպուտատ, մյուսը` մի այլ բան անի, մեկն էլ ոչինչ չանի, բայց մեր այս ֆունկցիան վերջանում է: Չնայած, ցավոք սրտի, պոտենցիալ չեմ տեսնում, որ կլինի հետագա գործողություն, քանի որ այսօրվա դաշտը կամ ցավոք, կամ բարեբախտաբար զբաղված է»: