Home / Հայաստան / Անտեղի շռայլություն. հայ երգիչներին առաջարկում են «դաս տալ» հայ օլիգարխներին

Անտեղի շռայլություն. հայ երգիչներին առաջարկում են «դաս տալ» հայ օլիգարխներին

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը կոչ է արել «Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը բնակարաններ ստացած «մրցանակակիր արվեստագետներին» հրաժարվել իրենց նվերներից` հանուն իրենց իսկ հեղինակության:

«Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նվիրատվությունը միանշանակ չի ընկալվել, եթե չասենք բուռն վրդովմունք է առաջացրել գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների մոտ: Գուցե այլ կլիներ հասարակության արձագանքը, եթե Դուք իրոք ունենայիք այդ բնակարանների կարիքը:
Ուստի առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հրաժարվել այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթևան ընտանիքներին:

Հավատացեք. բնակարաններից հրաժարվելու պարագայում Դուք անհամեմատ ավելին ձեռք կբերեք` հասարակության հարգանքի ու վստահության տեսքով:
Ձեր այդ քայլ հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից և անհարգի նվիրատվություններց», – ասված է «Շիրակ կենտրոն»-ի հայտարարության մեջ:  :