Home / Հայաստան / Բժիշկներին թույլ չեն տվել այցելել քաղբանտարկյալին

Բժիշկներին թույլ չեն տվել այցելել քաղբանտարկյալին

Այսօր ցերեկը երեք բժիշկների թույլ չեն տվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել է քաղբանտարկյալ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին, ով առավոտյան սրտի նոպա է ունեցել, որի մասին հարազատներին տեղեկացրել է փաստաբանի միջոցով:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է Խաչատրյանի որդին՝ Սարգիս Խաչատրյանը, նրա վիճակը գնահատելու համար երեք բժիշկներ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն նրանցից միայն մեկին՝ սրտաբան Նելլի Խզալյանին են հիմնարկի տարածք թողել:

45 րոպե սպասեցնելուց հետո Խզալյանին մոտեցել են ՔԿՀ-ի բժիշկները և ներկայացրել են Խաչատրյանի վիճակի հետ կապված հետազոտությունների արդյունքներ: Սրտաբանն ասել է, թե ինչ դեղեր են այդ պահին հարկավոր Սամսոն Խաչատրյանին, սակայն նշել է, որ բանտային պայմաններում նրան դժվար կլինի բարձրակարգ բուժում ապահովել: