Home / Հայաստան / «Նրանք միայն խոսում են…». Դինքը Թուրքիայի հասարակության ցանկությունների մասին

«Նրանք միայն խոսում են…». Դինքը Թուրքիայի հասարակության ցանկությունների մասին

«Նախաձեռնություն հանուն խաղաղության» կազմակերպությունը երկրորդ միջազգային կոնֆերանսն է անցկացնում Ստամբուլի Բիլգի համալսարանում:

Կոնֆերանսի երկրորդ օրը ելույթով հանդես է եկել  2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը`Ռաքել Դինքը: Վերջինս խոսել է Թուրքիայում բնակվող հայերի, թուրքերի և քրդերի խնդիրների մասին և այն մասին, թե ինչպես կարելի է խաղաղություն կառուցել ժողովրդավարության ճանապարհով:

«Ներկայումս բոլորը գիտեն, թե ինչ է պատահել 1955 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին (խոսքը 1955 թվականին Ստամբուլում և Իզմիրում հայերի ու հույների նկատմամբ իրականացրած ջարդերի մասին է – Epress.am): Բայց արդյո՞ք որևիցե մեկը պաշտոնապես ներողություն է խնդրել: Ժամանակն է անել դա»,-ասել է Դինքը:

«Թույլ տվեք մի պատմություն պատմել մեր ընտանիքի ընկեր Ֆերման Թորոսլարի մասին: Նա Ստամբուլի մերձակա շրջաններից մեկում ագարակ ուներ: Մի օր մենք հարցրեցինք, թե ինչու նա մրգատու ծառեր չի աճեցնում իր ագարակում: Եվ նա պատասխանեց. «Ես երբեք ծառեր չեմ տնկում, որովհետև մեր ազգը երբեք չի ցանկացել տեսել, թե ինչպես են այդ ծառերն աճում և երբեք չի կարողացել ուտել այդ ծառերի մրգերը»: Երբ այս պատմությունը Հրանտը պատմեց մի քանի տարի առաջ. որոշ մարդիկ հայտարարեցին, որ ցանկանում են գնալ այնեղ և ծառեր տնկել: Սակայն ես չեմ լսել, որ նրանք այդպիսի քայլ արած լինեն: Նրանք միայն խոսում են»,-ասել է Ռաքել Դինքը:

Հրանտ Դինքի այրիի խոսքով` Թուրքիայում շատ են խոսում խաղաղության կառուցման մասին, սակայն դեռևս ոչ մեկը չի փորձել տեսությունն իրականություն դարձնել: