Home / Հայաստան / Հայկական եթերում բացակայում է օբյեկտիվ տեղեկատվությունը. ԱՄՆ Պետդեպ

Հայկական եթերում բացակայում է օբյեկտիվ տեղեկատվությունը. ԱՄՆ Պետդեպ

Ապրիլի 8-ին ԱՄՆ Պետդեպի կողմից հրապարակված մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի Հայաստանին առնչվող բաժնում այլ խնդիրների թվում անդրադարձ է կատարվում երկրում խոսքի և մամուլի ազատության հարցերին:

«Խոսքի և ԶԼՄ-ների ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, այդուհանդերձ, կառավարությունը միշտ չէ, որ գործնականում ապահովում է այդ իրավունքները: Շարունակվում են ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող բռնություններն ու ահաբեկումները: ԶԼՄ-ներում և հատկապես հեռուստատեսությունում, դեռևս պահպանվում է բազմակարծության և օբյեկտիվ տեղեկատվության ապահովման բացակայությունը: Թեև կան անհատներ, ովքեր հրապարակայնորեն քննադատում են կառավարությանը առանց վրեժի վախի, այդուհանդերձ, նույնը չի կարելի ասել լրատվական միջոցների, մասնավորապես, հեռուստատեսությունների վերաբերյալ, որոնք վախենում են կառավարությանը քննադատող տեղեկատվություն հաղորդել: Այդ վախը պայմանավորված է տարբեր գործոններով,  հեռուստաալիքները, մասնավորապես, վախենում են կորցնել հեռարձակման արտոնագրերը: Այս վախը հանգեցնում է ինքնագրաքննության», – նշում են զեկույցի հեղինակները:

Հայաստանում թերթերը հիմնականում մասնավոր են, բացառությամբ «Հայաստանի Հանրապետություն» թերթից և դրա ռուսական տարբերակից: Հայաստանի տպագիր մամուլը կարծիքների մեծ բազմազանություն է ներկայացնում առանց սահմանափակումների, նշում են ԱՄՆ Պետդեպի փորձագետները:

Նրանց կարծիքով` ավելի շատ բազմակարծություն կա առցանց կայքերում, թեև էլեկտրոնային կայքերի ընթերցողների քանակը խիստ սահմանափակ է և հիմնականում կայքերը չեն ընթերցվում Երևանի սահմաններից դուրս:

Թերթերի շրջանառությունը շարունակում է մնալ շատ սահմանափակ, ինչպես և երկրում գործող 20 ռադիոկայանների ունկնդիրների թիվը:

Պաշտոնական տվյալների համաձայն, երկրում 82 գրանցված հեռուստաընկերություններ են գործում, որոնցից 3-ը հանրային են, 4-ը հեռարձակվում են արտասահմանից: Հեռուստաալիքների ուղիղ կեսը գործում են տարբեր մարզերում: Միայն պետական Հանրային հեռուստատեսությունն է,որ ծածկում է ողջ երկիրը, թեև ևս 7 հեռուստաալիքներ հնարավորություն ունեն հեռարձակում ապահովել իրենց տարածաշրջանից դուրս:

Պետդեպը նշում է,որ շատ հեռուստաընկերություններ պատկանում են իշխանամետ քաղաքական գործիչների կամ ձեռներեցների: Սրանք այն գործոններն են, որոնք խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: Հեռարձակողը հիմնականում արտահայտում է իշխանամետ տեսակետներ և խուսափում է որևէ քննադատական կարծիք հնչեցնել:

Կառավարության հարաբերությունները լրագրողների հետ կարելի է  ոչ կառուցողական համարել, մասնավորապես, այն լրագրողների հետ, ովքեր անկախ են, ասված է զեկույցում: