Գլխավոր / Հայաստան / «Դինքին սպանած մարդիկ համազգեստով չէին…». Թուրքիայում պարգևատրեցին Դինքի մասին հոդվածի հեղինակին

«Դինքին սպանած մարդիկ համազգեստով չէին…». Թուրքիայում պարգևատրեցին Դինքի մասին հոդվածի հեղինակին

«Հրանտ Դինքի գործը» գրքի հեղինակ Քեմալ Գյոքթաշին այսօր Ստամբուլում հանձնվել է Մեթին Գյոքթեփեի անվան մրցանակը, որին լրագրողն արժանացել է «Հրանտ Դինքի գործով եվրոպական դատարանների վերջին որոշումը» հոդվածի համար, որը հրապարակվել էր «Վաթան» թերթի 2010 թվականի օգոստոսի 14-ի համարում:

Մրցանակաբաշխությունը կայացել է Ստամբուլում այսօր` տեղի ժամանակով 18:00-ին: Այս անգամ այն նվիրված էր Հրանտ Դինքի ընկերներ Ահմեդ Շիքին և Նեդիմ Շեներին` «Կարմիր ուրբաթ, Դինքի մատիտը ո՞վ կոտրեց» գրքի հեղինակին: Վերջիններս ձերբակալված են «Էրգենեկոնի» գործի մասին հեղինակած գրքերի պատճառով: Նշենք, որ նախկինում երկուսն էլ արժանացել էին «Մեթին Գյոքթեփե» մրցանակի:

Մրցանակաբաշխությունից առաջ Epress.am-ի հետ զրույցում Քեմալ Գյոքթաշը նշել է, որ չափազանց կարևորում է այն հանգամանքը, որ մրցանակի է արժանացել մի հոդված, որը պատմում է Հրանտ Դինքի սպանության գործում Թուրքիայի կառավարության դիրքորոշման մասին:

«Գյոքթեփեն իսկական լրագրող էր, ով մահացել է ոստիկանների դաժան ծեծի հետևանքով: Նա դարձել է ընդդիմադիր լրագրողի խորհրդանիշ: Գյոքթեփեին սպանած մարդիկ ոստիկանական համազգեստ էին կրում, Հրանտ Դինքին սպանած մարդիկ նման համազգեստ չունեին, սակայն երկու սպանություններն էլ մութ դավադրության հետևանք էին», — մեզ հետ զրույցում ասել է լրագրողը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հրանտ Դինքի սպանության հետևում կանգնած է երկրի կառավարությունը:

Նշենք, որ Քեմալ Գյոքթաշն աշխատում է թուրքական «Վաթան» թերթում: 2009 թվականին «Հրանտ Դինք հիմնադրամի» կազմակերպած ծրագրի շրջանակներում նա այցելել էր Հայաստան: