Գլխավոր / Հայաստան / «Չգաս` կպարտվես». Ինչպես չանցավ Տիգրան Կարապետյանի ապրիլի 10-ի հանրահավաքը

«Չգաս` կպարտվես». Ինչպես չանցավ Տիգրան Կարապետյանի ապրիլի 10-ի հանրահավաքը

«10 ԱՊՐԻԼԻ». Հանրահավաք Մատենադարանի մոտ. Չգաս` կպարտվես. Ժամը 17:00. Ժողովրդական շարժման առաջնորդ Տիգրան Կարապետյան»: Բաց վարդագույն թղթի վրա, որն ուժեղ անձրևի տակ հետզետե փոխում էր իր գույնը` մուգ վարդագույնի վերածվելով, այսպիսի գրությամբ փոքր պաստառները փակցված էին Մաշտոց պողոտայի և Կորյուն փողոցի խաչմերուկում գոյություն ունեցող յուրաքանչյուր, ժողովրդական լեզվով ասած, ստոլբի վրա: Ապրիլի 10-ն էր, ժամը 17:00, Epress.am նկարահանող խումբը կանգնած էր Մատենադարանի բարձրունք տանող ճանապարհի վրա, սակայն Տիգրան Կարապետյանը չկար: Չկային նաև ոստիկաններ, բարձրախոսներ, և միայն Կորյուն-Մաշտոց խաչմերուկում 22 մարդ էր հավաքվել:

65 տարեկան մի տղամարդ սկսեց բարձրանալ դեպի հարթակ, մենք էլ նրա հետ:

«Հանրահավաք լինելո՞ւ է, դեռ սպասո՞ւմ եք», — հարցրեցինք:

«Հա, դե պիտի լինի, էլի, հեն ա սաղ ստոլբերին գրածա», — հնչեց պատասխանը:

«Բայց մարդ չկա», — ասացինք:

«Դե կգան էլի, որ գրած ա կգան», — պատասխանեց պապիկն ու շարունակեց ճանապարհը:

Մենք արդեն Մատենադարանի հարթակի մոտ էինք, երբ երկրորդ նույն տարիքի տղամարդը սկսեց բարձրանալ դեպի հարթակ:

Հարցերցինք` արդյո՞ք ինքն էլ է սպասում:

«Հա, սպասում եմ, դե կարող ա լինի», — պատասխանեց:

Զանգահարեցինք Տիգրան Կարապետյանին, հարցրեցինք, թե ինչու տեղի չի ունեցել հանրահավաքը, կան մարդիկ, ովքեր սպասում են:

«Բա սելաֆը չես տենում, մարդիկ պիտի թրջվեին չէ, ես կարծում  եմ, որ ճիշտ չի մարդկանց էս անձրևին հավաքել: Էնտեղ էրեխեք կան, բան կան, կթրջվեն, չէ՞: Մենք մտածեցինք, որ կբացվի եղանակը, բայց չէ, Մանվելը (Ժողովրդական կուսակցության լրատվական բաժնի ներկայացուցիչ) արդեն ժամը 14:00-ին ուղարկել ա հաղորդագրությունը լրատվամիջոցներին: Դուք էլ եթե էդտեղ եք, մարդկանց ասեք, որ էսօր չի լինելու: Մենք հետաձգում  ենք հանրահավաքը մինչև մայիսի 3-ը, ժամը 18:00», — հայտարարեց Տիգրան Կարապետյանը:

Երբ իջանք, երկու տասնյակ մարդկանց թիվը կտրուկ նվազել էր, մնացել էր 5 մարդ: Այդ պահին մոտ 60 տարեկան տղամարդ մոտեցավ, նրան էլ ասացինք, որ չի լինելու հանրահավաք:

«Զանգեցին, ասեցին 5-ին ա, ես էլ եկա», — պատասխանեց:

Այդ պահին ներքև էր իջնում տարեց տղամարդկանցից մեկը:

«Պլակատների վրա գրած էր` չգաս` կպարտվես: Ուրեմն պարտվել ե՞ք», — պապիկին հարցրեց մի երիտասարդ, ով կողքի շենքի մուտքից նոր էր դուրս եկել ու մոտեցել մեզ հարցնելու` թե ինչու չի կայացել հանրահավաքը.

— Վաղուց էլ պարտված ենք էլի, այ տղա-ջան:

— Բա խի՞ եք գալիս:

— Բա ի՞նչ անենք:

Մի փոքր սպասեցինք, մի երկու մարդու էլ, ովքեր եկան Մատենադարանի մոտ, տեղեկացրեցինք, որ հանրահավաք չի լինելու:

Երիտասարդը մեզ հրաժեշտ տվեց ու, ժպիտը դեմքին հեռանալով, ասաց. «Կարևորը մենք ստեղ էինք, ուրեմն մենք հաղթել ենք»:

17:28-ին մենք էլ շարժվեցինք գրասենյակ: Միացնելով համակարգիչը, ստուգեցինք էլեկտրոնային փոստը և տեսանք, որ մեզ` մի քանի այլ լրատվամիջոցների թվում, Ժողովրդական կուսակցությունից նամակ է եկել 17:39-ին:

«Հաշվի առնելով բնակլիմայական վատ պայմանները, մասնավորապես, առավոտից անդադար տեղացող հորդառատ անձրևը` Ժողովրդական շարժումն այսօր նախատեսված հանրահավաքը հետաձգել է և կանցկացնի մայիսի 3-ին, ժամը 18:00-ին, ինչի մասին շարժման ակտիվիստները բնակիչներին արդեն իսկ իրազեկել են», ասված էր հաղորդագրության մեջ:

Մենք եզրակացրեցինք, որ այն երկու տասնյակ մարդը, որոնք հավաքվել էին Մատենադարանի մոտ, «բնակիչների» շարքին չէին պատկանում, քանի որ «ակտիվիստները» նրանց հաստատ չէին տեղեկացրել: