Home / Հայաստան / Թուրքիայում մահացել է հայերենով լույս տեսնող թերթի սեփականատերը

Թուրքիայում մահացել է հայերենով լույս տեսնող թերթի սեփականատերը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ 56 տարեկան հասակում մահացել է Վանում լույս տեսնող «Վան Թայմզ» թերթի սեփականատեր Ազիզ Այքաչը:

Վերջին շրջանում Այքաչի աջողջությունը կտրուկ վատթարացել էր, և վերջին 10 օրերի ընթացքում նա բուժում էր անցնում Անկարայի հիվանդանոցում:

Ազիզ Այքաչը լրագրությամբ է զբաղվել շուրջ 30 տարի: Նա համակարգում էր քառալեզու «Վան Թայմզ» թերթի աշխատանքները:

Հենց նրա նախաձեռնությամբ էր նախորդ տարի իրականացվել «Մենք բացում ենք մեր տան դռները Վան այցելող հայերի առջև» խորագրով արշավը, որի շրջանակներում տեղի բնակիչներին կոչ էր արվել իրենց տներում հյուրընկալել բոլոր հայերին, որոնք սեպտեմբերի 19-ին կժամանեն Վան` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու համար:

«Նա հիանալի ու շատ քաջ անձնավորություն էր: Նա փորձում էր կամուրջ ստեղծել հայերի և թուրքերի միջև: Երբ բոլորը թերահավատորեն էին մոտենում պարբերականի հայերեն տարբերակը հրատարակելու մտքին (Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի օրերին «Վան Թայմզը» լույս էր տեսել նաև հայերեն լեզվով – խմբ.), նա մեզ ոգևորում էր», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին: