Գլխավոր / Հայաստան / Բացօթյա առևտրով զբաղվողները խնդրում են չխոսել Սումգայիթի մասին

Բացօթյա առևտրով զբաղվողները խնդրում են չխոսել Սումգայիթի մասին

Վերջին շաբաթվա ընթացքում Epress.am-ի թղթակիցները մի քանի անգամ նկատել են, որ Տիգրան Մեծ պողոտայում` «Այրարատ» կինոթատրոնից ներքև ընկած հատվածում, Երևանի քաղաքապետարանի կամ Կենտրոնի թաղապետարանի  աշխատակիցները թույլ չեն տալիս մի խումբ մարդկանց բացօթյա առևտուր իրականացնել` ի կատարում Երևանի քաղաքապետարանի բացօթյա առևտուրն արգելելու որոշման, որի դեմ առևտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվար ամսից:

Պողոտայի տվյալ հատվածում մարդիկ զբաղվում են կամ ներքնազգեստի ու գուլպաների, կամ կանաչեղենի և կիտրոնի վաճառքով: Ուրբաթ առևտրականներից մեկի մոտ BWM մակնիշի սեփական համարներով մեքենա է կանգնել, որից դուրս եկած երեք մարդիկ առանց վկայականներ ներկայացնելու վերցրել են կանաչեղենով տոպրակը և դրել մեքենայի բեռնախցիկի մեջ: Կինը խնդրում էր նրանց վերադարձնել ապրանքը` խոստանալով այլևս «չկանգնել» տվյալ վայրում, սակայն տղամարդիկ հայտարարել են` «Կգնաս թաղապետարանից կստանաս»:

«Չեմ ստանա, որտեղի՞ց ստանում, խնդրում եմ, տոկոսով փող ա վրես», — աղաչում  էր, սակայն տղամարդիկ անկոտրում եղան և հեռացան:

Այսօր առևտրականների և քաղաքապետարանի աշխատակիցների միջև հակամարտությունն առավել բուռն անցավ: Վերջիններս ավելի կոպիտ ձևով փորձեցին արգելել առևտրի իրականացումը:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է գործողություններն իրականացնող երիտասարդներից մեկի հետ, ով ներկայացել է որպես Կենտրոնի թաղապետարանի առևտրի բաժնի աշխատակից.

«Չի թույլատրվում բացօթյա առևտուրը: Ամբողջ քաղաքում ա որոշված, որ դրսի առևտուր չպետք ա լինի»:

Բուռն վեճերի ընթացքում առևտրականներից մեկը` Ալլան, ով մինչ այդ բարկացած խոսում էր, ուշագնաց եղավ: Նրան ուշքի բերողների մեջ էր նաև թաղապետարանի վերոնշյալ աշխատակիցը: Քիչ անց ժամանեց շտապօգնությունը: Տիկին Ալլայի զարկերակային ճնշումը չափելուց հետո բժիշկն ասաց, որ ճնշումը բարձր է և նրան շտապօգնության մեքենայով  տեղափոխեցին տուն:

Առևտուր իրականացնող կանայք էլ մեզ տեղեկացրեցին,որ իրենք այդտեղից միևնույնն է չեն հեռանալու և պայքարելու են մինչև վերջ, թեև չգիտեն ինչպես:

Առևտրականներից մեկը տեղեկացրեց, որ այսօր իրենք այցելել են թաղապետարան, որտեղ նրանց ընդունել է Մկրտիչ անունով մի աշխատակից:

«Մեզ  ասեց, ձեզ «Ֆիրդուսում» (Ֆիրդուսի փողոցում գտնվող տոնավաճառ — Epress.am) տեղ ենք տալիս, եթե դրան էլ չենթարկվեք, վաղվանից ոստիկանությանը և կարմիր բերետավորներին կբերենք, կլցնենք ձեր տեղերը, ձեր ապրանքները կբռնագրավենք, ձեզ էլ հետները կտանենք ոստիկանություն, ձեզ էլ բաց չենք թողնի էնքան ժամանակ մինչև դուք այդտեղից հրաժարվեք: Ես էլ ասեցի` ոստիկանների ձեռքն ավտոմատը կդնես, ես չեմ ուզում սովից մեռնեմ, չեմ ուզում իմ երեխեն սովից մեռնի, սաղին գնդակահարեք, պրծեք, մեզանից արդեն  հանգիստ կպրծնեք, թե չէ ուրիշ ճար չունեմ: Մենք ապրել ենք ուզում, ոնց որ իրանք ու իրանց երեխեքը»,- պատմել է առևտրականը:

Այն հարցին, թե ինչն է պատճառը, որ առևտրականները չեն ցանկանում իրենց առևտուրն իրականացնել թաղապետարանի առաջարկած վայրում, այն է Ֆիրդուսի փողոցի վրա, կինը պատմել է. «Ֆիրդուսում տան տերը 4000 դրամա ուզում տեղի համար, գծի տերը 1500 դրամ փողա ուզում, այդտեղ կմտնես հարկային դաշտ, հարկային դաշտը պիտի մուծես, կասսան էլ չխփես, արդեն հերդ անիծվածա»:

Նրա խոսքով` իրենք շատ փոքր ծավալների առևտուր են անում` «օրվա մեջ երկու կոպեկ էլ չենք առնում»:

Այնուհետև նա վրդովված ասել է, որ եթե հնարավորություն ունենար,  կթքեր այս երկրի վրա և կթողներ, կգնար:

«Ես հիասթափված եմ այս երկրից էլ, այս ղեկավարությունից էլ: Ամբողջ օրը կոտորածից են խոսում, իրանք հայը հային կոտորած են անում, ոնց կարելի է Սումգայիթի մասին խոսալ»,- հավելել է առևտրականը: