Գլխավոր / Հայաստան / Հանցագործություն` գլխավոր դատախազի հովանավորության ներքո. Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Հանցագործություն` գլխավոր դատախազի հովանավորության ներքո. Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Արմավիրի Մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանի  հարազատներն ու  համագյուղացիները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Դեռևս 2008թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի  բնակիչ Հովհաննես Եղիազարյանին  անմիջապես իր հայրական տան դիմացից առևանգել, Երևանում գործող «Էլիտ Շանթ»  գործարան է տեղափոխել  ու դաժան ծեծի ենթարկել  բազում հանցագործություններ կատարած և անպատիժ մնացած   Վարշամ (Յուրա) Ղարիբյանը: Այս գործողությունների նպատակն է  եղել ստիպել  Հ. Եղիազարյանին  ստացականներ գրել այն մասին, թե իբր վերջինս  պարտքով խոշոր  գումար է վերցրել  Վ. Ղարիբյանից:  Ստացականները ստիպողաբար գրելուց հետո  Վ. Ղարիբյանը  վերցրել է  Հ. Եղիազարյանի  գրպանում եղած 120.000 ՀՀ  դրամը, որից միայն 5000 ՀՀ դրամն է  վերադարձրել`տաքsիով  տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան  ևս Վ. Ղարիբյանը  պահել է  գործարանի տարածքում:

Ծեծի հետևանքով Հ. Եղիազարյանը ստացել  է տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներ,  այդ թվում`  գլխուղեղի ցնցում,  քթոսկրի կոտրվածք և մինչև 2008 թ.  հոկտեմբերի վերջերը  բուժում է ստացել տարբեր բուժհաստատություններում:

Դեպքի առթիվ  29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի  քննչական բաժանմունքում  ՀՀ քրեական օրենսգրքի  131-րդ  հադվածի 2-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առևանգելու փաստի  առթիվ:

Միայն 13.02.2009 թ.  է Վարշամ Ղարիբյանին   մեղադրանք առաջադրվել, այն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Հ. Եղիազարյանին թեթև վնաս պատճառելու կապակցությամբ:

Ակնհայտ թերի,  միակողմանի քննություն կատարելուց հետո , նախաքննական մարմինը 3 անգամ `28.02.2009 թ., 06.08. 2009. և 11.03.2010թ.  որոշումներ է կայացվել  քրեական գործի  վարույթը կարճելու  և Վարշամ Ղարիբյանի  նկատմամբ  քրեական հետապնդումը  դադարեցնելու մասին:

Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ  ՀՀ Արմավիրի մարզի  ընդհանուր իրավասության  դատարանը երեք անգամ  շարունակ` 30.06. 2009թ., 19. 10. 2009թ. և 10.06.2010թ.  վերացրել է քրեական  գործի վարույթը  կարճելու  և  քրեական հետապնդումը դադարեցնելու  մասին որոշումները և  կարճված քրեական գործի  վարույթը վերսկսվել է:

Անգամ այս աստիճան միակողմանի  նախաքննությամբ  ձեռք բերված  ապացույցներն անգամ  հիմնավորում են  Վարշամ Ղարիբյանի կողմից  կատարված հանցագործությունների փաստը թույլ է  տալիս օրենքով  սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել  քրեական  պատասխանատվության:

Քննչական մարմնի  և նրա նկատմամբ  հսկողություն իրականացնող  դատախազության նման պահվածքն ունի  իր պատճառները:   Քրեական գործի շարունակաբար  ապօրինի  կարճումներն ուղղակի կապվում են  ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ:  Գաղտնի չէ, ու մամուլում էլ բազմաթիվ  հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը  գտնվում է  ՀՀ գլխավոր դատախազի  անձնական հովանավորության ներքո:  Հենց դա է պատճառը, որ  Վ. Ղարիբյանը գնացել է նման լկտի  ու սանձարձակ քայլի, համոզված լինելով, որ  Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ  խուսափելու է  պատասխանատվությունից, և անպատժելիությունը  Վ. Ղարիբյանին դրդում է  նորանոր հանցագործություններ կատարելու: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը  կատարել է բազմաթիվ հանցագործություններ  ու դրանց  վերաբերյալ հարուցված քրեական գործերը  միմյանց հաջորդելով կարճվել են:

Ի վերջո Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը  կատարել է  և 17. 09. 2010թ. քննիչի կողմից (որի եղբայրն ի դեպ  նույնպես աշխատում է  Վ.Ղարիբյանի մոտ  որպես առաքիչ)  կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամբ  քրեական հետապնդումը  դադարեցնելու  և քրեական գործի վարույթը  կասեցնելու մասին որոշումներ:

Այս մասին Արմավիրի մարզի  ընդհանուր իրավասության դատարանն  իր  մեջ ուժ չի գտել  վերացնելու  այդ որոշումներն  ու այդ որոշումների դեմ ներկայացված  բողոքները մերժել է: Այժմ  կայացված որոշումները  Հ. Եղիազարյանի կողմից  բողոքարկվել են  ՀՀ Վճռաբեկ դատարան  և մենք բոլորս  սպասում ենք  այդ դատարանի որոշմանը:

Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն  այնքան զորեղ  է, որ Վ. Ղարիբյանը  կարողանալու է  հերթական անգամ խուսափել  կատարվածի համար արժանի, օրենքով սահմանված  պատասխանատվությունից:

Ավելին` անպատասխանատվությունից թևավորված  Վ. Ղարիբյանը, օգտագործելով  առևանգման  ու ծեծի հետևանքով  ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի  դեմ և հիմա  էլ ցանկանում  է նրա  ձեռքից խլել հայրական տունը, ընտանիքը  թողնելով փողոցում:

Հագելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք  Ձեզ հայցելով  Ձեր  միջամտությունը Հ. Եղիազարյանին առևանգելու և ծեծի ենթարկելու  փաստի առթիվ  հարուցված քրեական գործը  վերսկսելու  և օրինական ընթացք  ապահովելու  հարցում:

Ս.թ փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի  հարազատներս ու  համագյուղացիներս այցելել էինք  nախագահի  նստավայր ու Ձեզ հասցեագրված   դիմում հանձնել, որում  առավել մանրամասն  ներկայացված էր  կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց  տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ  գլխավոր դատախազություն: Փաստորեն ստացվում է, որ  դիմումը բարձրացված հարցերի պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից  ղեկավարվող  հիմնարկը:

Համոզված ենք, որ դիմումի  բովանդակությունը   Ձեզ պատշաճ  կարգով չի զեկուցվել, այլապես չէր  վերահացեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ  դիմել  բաց  նամակի ձևով, հավատալով, որ  կատարվածի մասին  տեղեկանալով թույլ չէք տա  , որ օրինազանցն  օգտվի պետական պաշտոնյայի  հովանավորությունից  և խուսափի պատասխանատվությունից:

Հարգելի պարոն նախագահ, խնդրում ենք Ձեր  հանձնարարությունը  պատշաճ  մարմիններին  օբիեկտիվ  և բազմակողմանի  քննություն  կատարելու և  հանցագործություն  կատարած  Վ. Ղարիբյանին  պատժելու համար»:

Նամակի տակ ստորագրել են Հ.Եղիազարյանի հարազատներն ու համագյուղացիները: