Home / Հայաստան / Բրյուսովն արձագանքել է հեռացված դասախոսի շուրջ ստեղծված ակտիվությանը

Բրյուսովն արձագանքել է հեռացված դասախոսի շուրջ ստեղծված ակտիվությանը

Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանն արձագանքել է օրերս համալսարանից ազատված դասախոս Նարեկ Մարգարյանի շուրջ ստեղծված հասարակական ակտիվությանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Facebook սոցիալական ցանցում խումբ է բացվել` ի զորակցություն Նարեկ Մարգարյանի: Խմբի նախաձեռնողները մտադիր են այսօր Ազատության հրապարակում ակցիա կազմակերպել` իրենց բողոքը հայտնելու համալսարանի ղեկավարության որոշման դեմ:

«Այս տարվա ապրիլի 2-ին Բրյուսովի իշխող ռեժիմը, սարսափելով երիտասարդ դասախոսների օրեցոր աճող ուժից, անհիմն հեռացրեց աշխատանքից երիտասարդ դասախոս Նարեկ Մարգարյանին: Հավաքվենք երկուշաբթի և մեր բոցաշունչ ՈՉ-ը ասենք Բրյուսոում տիրող կադրային ջարդին: Միջոցառման նպատակն է բարձրաձայնել ԲՈՒՀ-ի խնդիրները: Համալսարանում վերականգնվելը միջոցառման նպատակներից չէ», – ասված է խմբի էջում:

Այս առնչությամբ ԵՊԼՀ հասարակայնության հետ կապերի բաժինը մի քանի կետերից բաղկացած հայտարարություն է տարածել.

1. Ն.Մարգարյանը չի հանդիսանում ԵՊԼՀ մշտական աշխատող: Դեռ աշխատանքի ընդունվելուց 2 շաբաթ հետո, նա իր դիմումի համաձայն տեղափոխվել է քառորդ դրույքի: Նրա ներկայությունը բուհում զուտ խորհրդանշական բնույթ էր կրում, ուստի դժվար է պատկերացնել, որ նրա` բուհից հեռացումը կարող էր ուսանողների շրջանում համատարած դժգոհությունների պատճառ դառնալ:

2. Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում Ն.Մարգարյանը շաբաթվա ընթացքում պարտավոր էր ունենալ ընդամենը 1 պարապմունք: Մարտ ամսվա ընթացքում նա 2 անգամ ուշացել է և 1 անգամ անհարգելի պատճառով բացակայել դասից:

3. Ինչ վերաբերում է «Կադրային ջարդի» մասին հայտարարությանը, Ն. Մարգարյանը միակն էր, որ 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում աշխատանքային օրենսգրքի խախտման պատճառով, այլ ոչ իր սեփական նախաձեռնությամբ, հեռացվել է աշխատանքից: Նաև ուզում ենք հավելել, որ այն ուսանողները, որոնք ի վիճակի չեն բավարարել բուհին բնորոշ ակադեմիական չափանիշները, իրենց նախաձեռնությամբ տեղափոխվում են այլ բուհեր: Բուհը իրավասու չէ արգելել նաև իր աշխատակիցներին տեղափոխվել այլ բուհեր:

4. Համալսարանի ղեկավարությունը մինչ օրս բողոքներ չի ստացել ոչ ուսանողներից և ոչ էլ դասախոսներից, ուստի անհասկանալի է, թե ովքեր են պատրաստվում մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հավաքին:

5. Համալսարանի ղեկավորությունը հավաստիացնում է, որ բուհի նախապատվությունն է աջակցել որակյալ և իր մասնագիտական պարտքը գիտակցող դասախոսներին: Դրա հետ մեկտեղ դասախոսների հանդեպ մոտեցումը բխել է միայն մասնագիտական և բարոյական սկզբունքներից ու չափանիշներից: Համալսարանի ղեկավարությունը չի նահանջի տեղեկատվական ահաբեկումներից և այլ տեսակի շանտաժից և ապավինում է բուհի դասախոսներին, ուսանողներին և ամբողջ հանրությանը` աջակցել բուհին մեզ բոլորիս համար բախտորոշ հարցում` նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը, կամ գոնե չխանգարել: