Home / Հայաստան / Facebook-ն ու Twitter-ը խաբում են մարդու ուղեղը, համոզված են գիտնականները

Facebook-ն ու Twitter-ը խաբում են մարդու ուղեղը, համոզված են գիտնականները

Օրեցօր սոցիալական կայքերի նկատմամբ աճող հետաքրքրությունն իր մեջ մեծ վտանգ է պարունակում, կարծում են դանիացի գիտնականները: Նրանց կարծիքով` սոցիալական կայքերը փաստացիորեն խաբում են մարդու ուղեղը` ստիպելով մտածել, որ վիրտուալ շփումները բավարարում են երեխաների և դեռահասների բոլոր սոցիալական պահանջները:

Մասնագետների մի խումբ հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ այսօրվա դեռահասները կենդանի շփմանը հատկացնում են ուղիղ երկու անգամ քիչ ժամանակ, քան 1988 թվականի իրենց հասակակիցները: Դանիացիների մեծ մասը նախընտրում է ժամեր անցկացնել համացանցում և ընկերների հետ շփվել այնպիսի հայտնի սոցիալական կայքերում, ինչպիսին են Facebook-ն ու Twitter-ը:

Հոգեբան Անդրես Քոլդինգ-Յորգենսենը գտնում է, որ համացանցի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունը դեռահասների մոտ կարող է հանգեցնել սոցիալական ունակությունների կորստի: Շփվելով ինտերնետի միջոցով` դպրոցականները չեն տեսնում զրուցակցին, նրա շարժումները, դիմախաղը, չեն լսում նրա ձայնը: Նրանց հասկացողության մեջ իրական կյանքը հենց դա է: Նրանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սոցիալական կայքերի և համակարգչի: Հոգեբանների խոսքով` դա հանգեցնում է նրան, որ երեխաները բառի բուն իմաստով կորցնում են իրենց, հաղորդում է РБК-ն: