Home / Հայաստան / Մտավորականը` ժողովրդի կողքին և ոչ թե պալատական սպասարկու. Եղիշե Պետրոսյան

Մտավորականը` ժողովրդի կողքին և ոչ թե պալատական սպասարկու. Եղիշե Պետրոսյան

Այսօր երեկոյան ժամը 20:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայանալու է 1969 թվականին ստեղծված «Արձագանք» խմբի համերգը: «Արձագանքը» վերջին անգամ 4 տարի առաջ է Հայաստանում համերգով հանդես եկել, իսկ անցյալ տարի նրանք համերգ են տվել ԱՄՆ-ում:

Համերգից առաջ Epress.am-ը զրուցել է «Արձագանք» ընկերության հիմնադիր տնօրեն  Եղիշե Պետրոսյանի հետ: Վերջինս նշել է, որ նախորդ համերգն ակուստիկ էր, իսկ այսօրվանը լինելու է  ամբողջությամբ ռոքային:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ «Արձագանքը» հաճախակի չի ներկայանում հանրությանը, Եղիշե Պետրոսյանը պատասխանել է. «Երբեմն տրամադրություն չի լինում համերգ տալու: Վիրավորվեցինք, որ մեր ստուդիան խլեցին մեզանից: Հիմա ստուդիա չունենք, մեր բազայից զրկվեցին, միայն ռադիոն է գործում: Թեև ցանկություն կա ստուդիան վերաբացելու, բայց ամեն ինչ շատ թանկ է, իսկ պետությունը չի աջակցում»:

Epress.am-ը նաև հետաքրքրվել է, թե ինչու «Արձագանք» խմբի անդամները պատկերված չեն քաղաքով փակցրած պատստառների վրա, ինչպես դա սովորաբար լինում է հայտնի երգիչների կամ խմբերի համերգներից առաջ.

«Մենք ոչ մի նոմենկլատուրային, պալատական բաներում չկանք»:

Խոսելով նաև հայկական էստրադայում  90-ականներին կատարած իրենց աշխատանքի մասին` Պետրոսյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում խնդիր կար հայկականացնելու ժամանակակից երգարվեստը, քանի որ այն ռուսական տիրույթում էր գտնվում:

Պետրոսյանի խոսքով` այն ժամանակ հայկական էստրադային երգեր չկային, բայց իրենք մեծ չարչարանքների արդյունքում հասան իրենց նպատակին: Խոսելով այսօրվա երաժշտության մասին` երգահանը նշել է, որ այսօրվա հայկական երաժշտությունը որակապես խեղճ է:

«Ով վճարում է, այն էլ երաժշտությունն է պատվիրում: Անպետք, անդեմ ստեղծագործությունների վրա փող է դրվում և անընդհատ ցուցադրվում և ունկնդրին թվում է, որ դա այն է, ինչ պետք է իրեն: Այսօրվա երաժշտարվեստի ընթացքը բնորոշում եմ որպես յախշի-բախշի երաժշտություն, հարսանիքի երաժշտությունն է  իշխում: Եթե դա է պրոպագանդվում, բնականաբար դրա համար էլ ունկնդիր է  ձևավորվում: Իսկ դրա գլխավոր մեղավորը հեռուստատեսությունն է»,- ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով` շոու-բիզնեսում գերիշխում է քեֆային երաժշտությունը և ոչ բեմայինը, իսկ բեմը մեծ ծախսեր է պահանջում: Եղիշե Պետրոսյանը մեկ այլ խնդիր էլ է նշել` ճաշակով ունկնդիրների մեծ մասն էլ սոցիալապես ոչ լավ ապրող խավն է:

«Ահա այստեղ էլ տեղի է ունենում կարճ միացումը», – ասել է նա:

Պատասխանելով նաև այն հարցին, թե արդյոք հայտնի մտավորականը պետք է ակտիվ լինի  քաղաքական  դիրքորոշման մեջ, և մասնակից լինի երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին` Եղիշե Պետրոսյանն ասել է.

«Մտավորականը պետք է միշտ լինի մտավորական և ոչ թե պալատական սպասարկու: Նա միշտ պիտի լինի ժողովրդի կողքին, անկախ տեղի ունեցող իրադարձություններից»,- հավելել է «Արձագանք» ընկերության հիմնադիր տնօրենը: