Home / Հայաստան / Մուբարաքին շտապ տեղափոխել են հիվանդանոց

Մուբարաքին շտապ տեղափոխել են հիվանդանոց

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակն այսօր հարցաքննության ժամանակ կտրուկ վատացել է, որի հետևանքով նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ըստ AP գործակալության` պատճառը սրտի հետ լուրջ խնդիրներն են:

Նշենք, որ ապրիլի 11-ին Մուբարաքն առաջին անգամ իր հրաժարականից հետո հանդես եկավ ուղերձով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի եթերում: Դիմելով իր համերկրացիներին` նախկին նախագահը կտրականապես հերքել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները և սպառնացել է օրենքով հետապնդել նրանց, ովքեր իրեն ու իր ընտանիքին զրպարտող լուրեր են տարածում և հեղինակազրկում իր անունը:

Ազգային խռովությունների արդյունքում հրաժարական տված 82-ամյա Մուբարաքը նաև հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները անարդար արշավի զոհ են դարձել:

Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց փետրվարի 11-ին: Հրաժարականի օրվանից ի վեր ոչ Մուբարաքը, ոչ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հայտնվել հանրության առջև: Այս ողջ ընթացքում Եգիպտոսի նախկին առաջնորդն իր ընտանիքի հետ բնակվում էր Շարմ էլ-Շեյխ քաղաքում:

Նշենք, որ Եգիպտոսում ծավալվող հակակառավարական ցույցերի ընթացքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Մուբարաքը գտնվում է կոմայի մեջ: Տարբեր աղբյուրներ հաստատում էին, որ հեռուստատեսային ուղերձի ձայնագրության ժամանակ  Եգիպտոսի առաջնորդը երկու անգամ կորցրել է գիտակցությունը:

Այնուհետև հայտնի դարձավ, որ նա գտնվում է Շարմ-էլ-Շեյխում և առողջական խնդիրներ չունի: