Home / Հայաստան / Հայաստանում փորձելու են արդյունավետ օգտագործել արոտավայրերը

Հայաստանում փորձելու են արդյունավետ օգտագործել արոտավայրերը

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը: Կառավարության հաղորդագրության համաձայն, սահմանված պահանջները կնպաստեն արոտավայրերի բերքատվության բարձրացմանը և վերականգնմանը, որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացման կանխմանը և սանիտարական պատշաճ վիճակի պահպանմանը։

Այս կարգը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, գյուղացիներին հնարավորություն է տալու արոտավայրերից օգտվել` չվճարելով նախկին կարգով սահմանված գումարը` յուրաքանչյուրը տարեկան մոտ 240 հազար դրամ։

ՀՀ Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարզաբանումներ է տվել որոշման վերաբերյալ: Ըստ նախարարի, Հանրապետությունում կա 1մլն 118 հազար հա արոտավայրեր, որոնց ընդամենը 30 տոկոսն է արդյունվետ օգտագործվում, իսկ անասնապահության զարգացման համար ամենագլխավոր պայմանը կերային բազայի ապահովումն է:

Անասնագլխաքանակի կերային բազան ապահովելու համար շահագործում են համայնքային տարածքները, որոնք երկար տարիներ օգտագործման ընթացքում դեգրադացվել են և այլևս պիտանի չեն: Ըստ Սերգո Կարապետյանի, լեռնային արոտավայրերի արդյունավետ օգտագործման դեպքում Հայաստանը կունենա էժան կերային կուլտուրաներ, ինչը մեծապես կնպաստի, ինչպես կաթի, այնպես էլ մսի ինքնարժեքի իջեցմանը:
Որոշման նախագծով նախատեսվում է կազմել արոտավայրերի օգտագործման պլաններ, որոնցով պետք է նախատեսվի անասնագլխաքանակը, արոտավայրերը բաժանվեն մասերի, որտեղ հերթականությամբ պետք է արածեցնել անասուններին, պետք է այդ արոտավայրերում կատարել ջրարբիացման աշխատանքներ: Նրա հավաստիացմամբ արատովայրերի ու խոտհարքերի կիրառման այս ձևը բավականին արդյունավետ է լինելու և նպաստելու է հանրապետությունում անասնագլխաքանակի և գյուղացիական տնտեսությունների ավելացմանը: