Home / Հայաստան / Պատգամավորն ու իրավապաշտպանը թերահավատ են օմբուդսմենի առաջարկների նկատմամբ

Պատգամավորն ու իրավապաշտպանը թերահավատ են օմբուդսմենի առաջարկների նկատմամբ

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ՀՀ իշխանությունների մաս է կազմում, և նրա կատարած որևէ գործողությունը որևէ լավ բան նշանակել չի կարող:

Epress.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ ՄԻ պաշտպանի Ազգային Ժողովին ներկայացրած առաջարկներըը` կապված ընտրությունների ընթացքում էլեկտրոնային քվեարկության կիրառման, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց թեկնածու առաջադրվելու հետ, այս մասին ասել է ՀՀ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

«Հայաստանում ինչ անում է Մարդու իրավունքների պաշտպանը, նրա գործողությունների մեջ անպայման ենթատեքստ կա, դա որևէ լավ բանի չի կարող բերել»,- մեկնաբանել է իրավապաշտպանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով ՄԻ պաշտպանի ԱԺ ներկայացրած նախագիծը, ասել է, որ դեռ ամբողջովին չի ծանոթացել այդ փաստաթղթին, բայց դրա կապակցությամբ մի քանի մտավախություններ ունի.

«Մասնավորապես, մենք չենք կարողանում վերահսկել իշխանությունների կազմակերպած տուփերով քվերակությունը, ինչպե՞ս պետք է լինի այդ էլեկտրոնային քվեարկության վերահսկողությունը: Երկրորդ, չենք կարողանում արդար, թափանցիկ ընտրություններ ապահովել երկրի ներսում, և ես մեծ մտավախություն ունեմ երկքաղաքացիություն ունեցողների քվեարկության համար, իսկ նրանց թիվը, կարծում եմ, բավականին շատ կլինի, ավելի կխճճի, կբարդացնի ընտրական գործընթացը»,- ասել է Սաֆարյանը:

Նա նաև հավելել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը լավ կաներ` առիթն օգտագործեր, և առաջարկ-նախագծի մեջ ընդգրկեր «Ժառանգության» առաջարկները` կապված ընտրացուցակների հրապարակման և տեսախցիկների տեղադրման հետ:

Լուսանկարը` hraparak.am