Home / Հայաստան / «Կաֆեներ չեն կառուցվելու». Կարեն Կարապետյանը խոստանում է (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Կաֆեներ չեն կառուցվելու». Կարեն Կարապետյանը խոստանում է (ՖՈՏՈՇԱՐՔ)

Epress.am-ի նկարահանող խումբն այսօր կեսօրին հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, երբ վերջինս շրջայց էր կատարում Մաշտոց պողոտայի այգում, որտեղ «Մենք ենք այս քաղաքի տերը» հասարակական նախաձեռնությունը ծառատունկ էր իրականացնում, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները մաքրում էին այգին:

Զբոսնելով մինչև մանկական երկաթուղի տանող թունելները` Կարապետյանը որոշ դիտարկումներ է արել` կապված այդ տարածքի հնարավոր բարեկարգման հետ:

«Կարելի ա լուսավորել, կառուցապատել, լավ զոնա ա, վերնիսաժի պես»,- իր աշխատակիցների հետ խոսելով` ասել է Կարապետյանը:

Քաղաքապետը զրուցել է նաև բնապահպանների հետ, ովքեր խոսել են քաղաքում առկա խնդիրների մասին ու խնդրել են հանդիպում կազմակերպել` դրանք քննարկելու համար:

«Մենք կազմե՞նք էկոլոգիական խնդիրների ցանկը և ներկայացնե՞նք»,- առաջարկել են բնապահպանները` նշելով, որ իրենք արդեն մի քանի անգամ հանդիպել են քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի հետ:

«Եկեք սենց պայմանավորվենք` եթե հանդիպում եք բնապահպանության վարչության պետի հետ, և հանդիպման առարկան հետագայում Ձեզ չի բավարարում, ես հանդիպում եմ Ձեզ հետ, համաձա՞յն եք»,- ասել է քաղաքապետը:

Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք Մաշտոցի այգում ևս կառուցվելու են հերթական սրճարանները, Կարապետյանն ասել է.

«Կաֆեներ նորից չեն կառուցվելու, հակառակը` ինչ շինություն կա, հանում են այստեղից»:

Կարապետյանը հավելել է նաև, որ քաղաքապետարանը հոգալու է ոչ միայն Մաշտոցի այգու կանաչապատման, ծառերի ջրման խնդիրները, այլ ողջ Երևանի կանաչ տարածքների խնդիրները: