Home / Հայաստան / Բաքվում հույս ունեն, որ Իրանում կարգելեն հայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը

Բաքվում հույս ունեն, որ Իրանում կարգելեն հայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի նկարահանած «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմի ցուցադրությունը, որը պետք է կայանա ապրիլի 24-ին Թեհրանում, փորձ է լարվածություն ստեղծել Իրանի և Թուրքիայի ու Իրանի և Ադրբեջանի միջև: Նման կարծիք Vesti.az-ի հետ զրույցում հայտնել է Ժամանակակից Իրանի ուսումնասիրության ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Ռաջաբ Սաֆարովը: Նրա խոսքով` նման քայլով «որոշ երկրներ» փորձում են վարկաբեկել Իրանի և Թուրքիայի ու Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները:

«Չեն կարծում, թե Իրանում չեն գիտակցում, թե ինչ մտահոգություններ է Թուրքիայում և Ադրբեջանում առաջացնում Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր հիշատակում: Թեև իրանցի որոշ քաղաքական գործիչներ դրան մոտենում են պատմական փաստերի տեսանկյունից, սա, այնուամենայնիվ, չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը: Իրանը յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերում այդ հարցում. չի ճանաչում 1915 դեպքերը որպես ցեղասպանություն, սակայն չի էլ հրաժարվում այդ հարցը քննարկելուց», – ասել է Սաֆարովը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ քանի որ ֆիլմը նկարահանել է հայ, այլ ոչ թե իրանցի ռեժիսոր, ապա ցուցադրությունը մասնավոր բնույթ է կրելու:

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծիք է հայտնել, որ անգամ այս դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան այդ փաստը հիվանդագին կընդունեն:

«Կարծում եմ` Թեհրանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրումն ամեն դեպքում հաջող նախաձեռնություն չէ: Հավանաբար, Իրանի իշխանությունները դրան չեն գնա, և Ադրբեջանի և Թուրքիայի կարծիքը հաշվի կառնվի», – եզրափակել է Սաֆարովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Խզմալյանը տեղեկացրել էր, որ ֆիլմի ցուցադրությանը ներկա են լինելու մի շարք իրանցի խորհրդարանականներ: Բացի դրանից, ռեժիսորի խոսքով, այն ցուցադրվելու է նաև իրանական հեռուստաալիքներից մեկով։