Home / Հայաստան / Ոստիկանների հետ ձեռքերս գրպաններս դրած եմ խոսում. ՀԱԿ անդամ

Ոստիկանների հետ ձեռքերս գրպաններս դրած եմ խոսում. ՀԱԿ անդամ

«Միտինգների ժամանակ ես այն տեղերում եմ լինում, որ կարողանամ օգտակար լինել ժողովրդին», – այսօր դատական նիստի ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, Եվրոպայի բռնցքամարտի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը:

Խոսելով այս տարվա  մարտի 1-ի հանրահավաքի մասին, որի ժամանակ գրանցված միջադեպի պատճառով նրան ձերբակալեցին, Խաչատրյանն ասել է. «էդ օրը կային  շատ մարդիկ: Ես ընդհանրապես ոստիկանների հետ խոսելիս ձեռքերս գրպաններս դրած եմ խոսում, բայց ես չեմ իմացել, որ իմ դիմաց ոստիկան ա կանգնած, մտածում եմ` ովքե՞ր են էս մարդիկ: Հետո, որ ես իմ հարազատների մոտ հայհոյանք ստացա, անհարմար ա ստեղ կրկնելու, արյունս գլխովս տվեց: Ո՞նց կարելի է  տենց բան, տեսնում են` էնտեղ աղջկա են խփում, էս ա լինում, էն ա լինում. ես էդտեղ ջղայնացա, թե ինչու սենց»,- ասել է Սամսոն Խաչատրյանը:

Հանդես գալով վերջին խոսքով` նա նշել է, որ ցանկանում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր լինի: «Դրա համար եմ պայքարում, որ ազատ երկիր լինի, լավ դատարան լինի, որ իրավապահ մարմիններում, նոր որ վկայություն տալիս էին,  էսպիսի մարդիկ չլինեն: Որ կանանց ու երեխեքին չխփեն, էս օլիգարխական համակարգին վերջ տան, անհարմար ա: Որպեսզի քաղաքացիական հագուստով մարդիկ չգան էնտեղ այլ բաներ անելու: Սաղ բերդերում երիտասարդները լցված են`  քաղաքացիական հագուստներով ոստիկանների  սարքած գործերով: Երեխեքը նստած են, թող բաց թողեն,  ազատություն բոլորին: էդ եմ կոչ անում և պյաքարելու եմ մինչև վերջ, հետ կանգնել չլինի»,- ասել է Խաչատրյանը:

Նշենք նաև, որ Սամսոն Խաչատրյանի գործով բոլոր վկայություն տվողները ոստիկաններ էին: Ինքը` Սամսոն Խաչատրյանը, հրաժարվել էր ցուցմունք տալ թե նախաքննության ժամանակ, թե դատարանում:

Դատարանի շենքից ազատ արձակվելուց հետո Սամսոն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուզում է որ «մեր երկիրը դասվի աշխարհի ամենանորմալ երկրների շարքում»:

Նշենք, որ Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարել է, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է: