Home / Հայաստան / Ոստիկանապետը մի փոքր խորամանկում է. Զուրաբյան

Ոստիկանապետը մի փոքր խորամանկում է. Զուրաբյան

«Մենք ոչինչ ոստիկանությունից չենք խնդրել, մենք ներկայացրել ենք մեր պահանջը` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, և այդ պահանջը բավարարվել է»,- այս մասին այսօր քաղխորհրդի նիստից հետո ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետի հայտարարությունն այն մասին, թե  նախորդ երկու հանրահավաքներն Ազատության հրապարակում անցկացվել են, որովհետև Կոնգրեսը խնդրել է ոստիկանությանը:

«Ոստիկանապետը մի քիչ խորամանկում է», – ասել է Զուրաբյանը:

Խոսելով Կոնգրեսի` ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքի մասին, Զուրաբյանն ասել է, որ այսօր իրենց համար առաջնահերթ խնդիր է մարդաշատության ապահովումը:

«Ես վստահ եմ, որ ապրիլի 28-ի հանրահավաքը լինելու է աննախադեպ իր քանակությամբ, ոչ միայն պահպանվելու է այս հանրահավաքների դինամիկան, այլ կտրուկ աճ է լինելու  մարդկանց», – նշել է Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի երթին, ապա Կոնգրեսը նախատեսում է այն սկսել Ազատության հրապարակից: Հարցին, թե ինչպես իրենք կվարվեն, եթե ոստիկանները շղթայեն հրապարակը, ՀԱԿ համակարգողը պատասխանել է. «1988 թվականից սկսած` ժողովուրդը հավաքվել է Ազատության հրապարակում և երթ է կատարել դեպի Ծիծեռնակաբերդ: Եթե նրանք շղթայեն Ազատության հրապարակը, դրանով անարգանք կդրսևորեն Ցեղասպանության զոհրեի հիշատակի նկատմամբ: Եթե այնքան անբարոյական են, որ պատրաստ են նման քայլի դիմել, թող դիմեն, դրանով կբացահայտեն իրենց  դեմքը»: