Home / Հայաստան / Եգիպտոսում հրաժարվում են Մուբարաքի անունից

Եգիպտոսում հրաժարվում են Մուբարաքի անունից

Եգիպտոսի դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել վերանվանել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա կնոջ` Սյուզանայի պատվին անվանված բոլոր հաստատությունները, փողոցները, հրապարակները, այգիները, գրադարանները, հաղորդում է  «Ալ Ջազիրան»:

Այս որոշմամբ դատարանը բավարարել է եգիպտացի փաստաբան Սամիրա Սաբրիի հայցը, որի կարծիքով պետական հաստատությունները չեն կարող անվանվել նախկին նախագահի անունով: Նա նաև պահանջել է հասարակական վայրերում տեղադրված Մուբարաքի նկարները փոխարինել պետական դրոշով:

Ներկայումս Եգիպտոսի գրեթե յուրաքանչյուր գավառում նախկին նախագահի անունով հաստատություններ կան: ԶԼՄ-ների տեղեկություններով` մոտ 500 դպրոցներ կրում են Հոսնի Մուբարաքի անունը:

Հիշեցնենք, որ Մուբարաքը լքել է նախագահի պաշտոնը փետրվարի 11-ին` ենթարկվելով հրաժարական տալու մասին ցուցարարների պահանջին: