Home / Հայաստան / Երևանում «ռմբակոծել են» գնացքի վագոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում «ռմբակոծել են» գնացքի վագոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավելի քան 40 տարի է` գրաֆիտիների վարպետների «հարձակմանն» են ենթարկվում  աշխարհի տարբեր երկրների մետրոպոլիտենները, այդ թվում` Նյու Յորքի, Լոնդոնի, Մոսկվայի: Այժմ այս երևույթը ծանոթ է նաև հայերին. անհայտ գրաֆիտիստներ «նախշազարդել են» Երևանի մետրոպոլիտենի գնացքի վագոնները, yerevan.ru կայքում գրում է Դավիթ Արյանը:

Միջադեպի մանրամասները ճշտելու նպատակով հեղինակը կապվել է մետրոպոլիտենի մամուլի ծառայության հետ: Մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը նախ` հետաքրքրվել է` ինչ է նշանակում «գրաֆիտի», այնուհետև հրաժարվել է առանց տնօրենի գիտության որևէ բան մեկնեբանել: Երկու շաբաթ անց նա հետևյալ կերպ է պատասխանել միջադեպի վերաբերյալ հեղինակի կողմից առաջադրված հարցերին. «Ես հրաժարվում եմ մեկնաբանել: Սա պարզապես աբսուրդ է: Մենք նման հարցերի չենք պատասխանում: Ես չեմ հաստատում այդ միջադեպը»:

Այդուհանդերձ, հեղինակին հաջողվել է որոշ տեղեկություններ ճշտել: Մայրաքաղաքի ստորգետնյա երկաթուղու աշխատակիցների խոսքով` միջադեպը տեղի է ունեցել մարտի 24-ին, իսկ «ռմբակոծման» հետևանքները մեքենավարները միայն առավոտյան են հայտնաբերել:

««Բարեկամություն» մետրոյում կանգնած գնացքի վագոնների վրա մեծ գրառումներ էին արվել, որոնք ծածկել էին անգամ պատուհանների ապակիները: Գնացքը դուրս էր բերվել երթուղուց և տարվել գնացքների հավաքակայան, որտեղ էլ վերացվել էին խուլիգանության հետևանքները: Այլ կերպ այս երևույթն անվանել չի կարելի», – իր դժգոհությունն է հայտնել մետրոյի աշխատակիցներից մեկը:

«Իսկ ես կարծում եմ, որ միօրինակ վագոնները ձանձրալի են, և դրանք կարելի է ներկել տարբեր գույներով, բայց գեղեցիկ կերպով: Իսկ ինչո՞վ են այդ նկարները վատ սովորական ու անպետք գովազդներից»,-իր կարծիքն է հայտնել մետրոյի մեքենավարներից մեկը, ով, սակայն, չի ցանկացել ներկայանալ: