Home / Հայաստան / ՀԱԿ-ը երթ անցկացրեց դեպի Ծիծեռնակաբերդ. Տեր-Պետրոսյանին տուն ճանապարհեցին

ՀԱԿ-ը երթ անցկացրեց դեպի Ծիծեռնակաբերդ. Տեր-Պետրոսյանին տուն ճանապարհեցին

Այսօր կեսօրից հետո Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության հրապարակից երթ անցկացրեց դեպի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Բազմամարդ երթի սկզբից գնում էին դրոշակակիրները, որոնցից հետո Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարներն ու նախկին քաղբանտարկյալները: Մարդկանց ձեռքին էին պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Ոչ` պատմական հանձնաժողովին», «Ոչ` Ցյուրիխյան ուրացմանը»:

Կիևյան կամրջի սկզբնամասում երթի մասնակիցներին դիմավորեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հուշահամալիրի մուտքի մոտ Կոնգրեսի առաջնորդները ծաղկեպսակ, իսկ անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հուշահամալիր մուտքի պահին գրեթե բոլոր հեռուստաալիքները, բացառությամբ մեկ-երկուսի, ցույց չտվեցին այդ պահը:

Հուշահամալիրից դուրս գալուց հետո ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցեց մինչև վերջինիս տուն, որը գտնվում է «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ: