Home / Հայաստան / Epress.am-ը հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին

Epress.am-ը հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին

Այսօր ԶԼՄ-ների կողմից կազմակերպված ակցիայի շրջանակներում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին նամակ է ուղարկել Epress.am-ը: Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է թույլ չտալ, որպեսզի քաղբանտարկյալի նամակագրության իրավունքը խոչընդոտվի:

Ներկայացնում ենք Epress.am-ի նամակը.

«Հարգելի Նիկոլ,

Epress.am լրատվական կայքի` Ձեզ հասցեագրված նամակը որոշեցինք կազմել հետևյալ կերպ. կայքի աշխատակիցներից յուրաքաչյուրը հնարավորություն ուներ Ձեզ հարցեր ուղղել որպես լրագրողի կամ որպես քաղաքական գործչի: Արդյունքում 6 հարց հավաքեցինք, որոնց, հնարավորության դեպքում, խնդրում ենք պատասխանել:

Կանխավ շնորհակալություն:

1. Բանտում հայտնվելը որքանո՞վ է փոխել Ձեր պատկերացումը իրականության մասին: Ի՞նչ նոր փորձ և գիտելիք եք ձեռք բերել:

2. Ինչո՞ւ է Ձեր անազատությունն այդքան սկզբունքային հարց Հայաստանի իշխանության համար:
3. Եթե իշխանափոխություն տեղի ունենա, ներկա իշխանությունից ովքե՞ր կարող են ներգրավված լինել երկրի կառավարման մեջ և ի՞նչ պաշտոններում: Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-2008-ին նշում էր, որ Սերժ Սարգսյանը 90-ականներին վատ չէր կատարում իր պարտականությունները (լավ ֆունկցիոներ էր): Ի՞նչ պաշտոնում եք տեսնում, օրինակ, Սերժ Սարգսյանին իշխանափոխությունից հետո:
4. Ժողովրդի մեջ, ինչպես նաև մամուլում, կարծիք կա, որ նախկին (2-րդ) և ներկա նախագահների վարած քաղաքականությունը տարբերվում է: Արդյո՞ք դա այդպես է: Եվ ինչ սկզբունքային տարբերություն եք տեսնում Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան անձերի միջև:

5. Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին: Արդյո՞ք կարծում եք, որ Անկարայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը պետք է նախապայման հանդիսանա հայ-թուրքական սահմանի բացման համար:

6. Կարծո՞ւմ եք, որ գոյություն ունի մի այնպիսի ընդհանուր խնդիր, որի շուրջ այսօր կարող են միավորվել բոլոր հայկական ԶԼՄ-ները:

Հ.Գ. Հարգելի Նիկոլ, ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն, կամք և համբերություն:

Հարգանքով,

Epress.am կայքի աշխատակազմ»