Home / Հայաստան / Ադրբեջանցի գրող. «Ովքե՞ր են հայերը»

Ադրբեջանցի գրող. «Ովքե՞ր են հայերը»

Երբ ինձ մոտ այս հոդվածը գրելու գաղափարը ծնվեց, ես սկսեցի հիշողությանս մեջ արթնացնել բոլոր այն հայկական դեմքերը, որոնք մանկության տարիներին տեսել եմ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում:

Մանկությունն ինձ համար կյանքի փուլ չէ, մանկությունն ինձ համար տարածք է: Քաղաքագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, մշակութաբաններ, երեխաներ, գյուղացիներ, դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ, ուսանողներ, մատուցողներ… պարզունակ խաղաղարար պատմություններ չեմ պատմի: Մենք ապրում էինք մի բակում, ձմերուկ էինք ուտում, դոմինո խաղում, հարևան բակի երեխաների հետ էինք կռվում: Մենք ծեծում էինք, մեզ էին ծեծում: Մայրս աշխատում էր կենտրոնական հիվանդանոցում: Երբեմն դասերից հետո գնում էի նրա աշխատավայր: Այնտեղ մի կին կար, հայ էր: Նա վառ և գեղեցիկ էր հագնվում, տարբերվում էր բոլորից, դեմքին միշտ ժպիտ կար, և շատ բարի էր երևում: Հաճելի էր նայել նրան: Տարիներ անց, երբ իմացա, որ նա նույնպես մասնակցում է Ստեփանակերտի ժողովներին, մի տեսակ վատ զգացի ինձ: Եվ հիմա էլ, հիշելով ամենը, հիշելով` ինչ պատահեց, այն ամենն, ինչ իմ աչքերի առջև է անցել, այն, ինչ մենք ապրեցինք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո` տան կորուստ, շրջապատի մարդկանց անհասկացողություն, հեգնանքի և խղճահարության թիրախ, ես միևնույն է չեմ կարողանում ատել հայերին, պարզապես ես նրանց չեմ ներում: Թեև տրամաբանորեն պետք է թե մեկը, թե մյուսը լիներ: Չեմ ցանկանում հերթական անգամ բացել այն հարցը, ով առաջինը սկսեց և ով էր մեղավոր:

Հայկական սփյուռքը կամ Ջիմիի վերադարձը

Հայկական սփյուռքը հայ ազգի խնդիրն է: Նրանք` իրենց պատմականորեն տրամադրված նոստալգիայով, ֆրանսիական, ամերիկյան անձնագրերով, դրամապանակներում մեծ չափի գումարներով, ժամանում են Հայաստան, հանգստանում բնության գրկում, հարմարավետ հյուրանոցներում, լուսանկարվում, կյանքն են վայելում և վերադառնում են տուն: Իսկ հասարակ հայերը շարունակում են ապրել իրենց խնդիրներով: Նրանք տանջվում են, նրանց հույսը ապագայի հետ է կապված, իսկ այն հավատը, որ մի օր նորմալ մարդկանց նման կապրեն, օրեցօր մարում է:

Սակայն, եթե հայրենիքն այդքան գեղեցիկ է, ինչո՞ւ են մարդիկ ցանկանում յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում լքել այն: Չէ որ մարդուն շատ դժվար է միայնակ երջանիկ լինել: Հայկական սփյուռքն ինձ հիշեցնում է «Դիսկո պարողը» հնդկական ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Միխտուն Չակրաբորտին: Մենք նրան Ջիմի ենք անվանում: Ջիմին փրկվեց: Նա հայտնի դարձավ: Նա սպիտակ կոստյումով էր ման գալիս: Նա ինչ-որ կերպ դուրս եկավ աղքատությունից: Ճակատագիրը ժպտաց նրան: Եվ մի անգամ, հարբելով, Ջիմին հիշում է իր անցյալը, վերադառնում է այն փողոց, որտեղ ինքը մեծացել էր, փող է բաժանում աղքատներին և կրկին գնում է ապրելու իր կյանքով:

Խելացի՞ են արդյոք հայերը

Վիճակագրական տվյալների համաձայն, հայերի ինտելեկտը միջինից բարձր է: Ռուսաստանյան հեռուստաալիքների գրեթե բոլոր հաղորդումների վերջում տիտրերում կարելի է հայկական ազգանուններ կարդալ: Հայերը շատ շփվող ազգ են: Հեշտ են հարմարվում միջավայրին: Անհատական մակարդակում հայերը հավատարիմ են, շատ լավ ընկերներ են: Լեգենդներ են պատմում հայերի խորամանկության մասին, այն մասին, որ նրանք չափազանց խելացի են, և որ մեծապես աջակցում են միմյանց, և ամեն ինչ կանեն, որպեսզի մեկ այլ հայ կարողանա հաջողությունների հասնել: Առաջին հայացքից, այս ազգն ավելի շատ ռեսուրսներ ունի նորմալ պետականության ստեղծման համար: Սակայն անձամբ ես չեմ կարող խելացի ազգ անվանել հայերին, որոնք անցյալ  դարի սկզբին կորցրեցին ներկայումս Թուրքիայի մեկ երրորդ մասը կազմող իրենց տարածքները: Այն ժամանակ հայերը եկեղեցի, լեզու, մշակույթ, բիզնես ունեին: Հայերը ազդեցիկ կապեր ունեին. հարուստ էին: Սակայն հայտնի իրադարձություններից հետո ամեն ինչ կորցրեցին:

Ղարաբաղյան պատերազմից առաջ Բաքվում ապրող յուրաքանչյուր հայ, դեռևս խորհրդային տարիներին, նվազագույնը երկու բնակարան ուներ: Հայերն ապրում էին ամենաբարեկեցիկ թաղամասերում: Աշխատում էին ամենաեկամտաբեր տեղերում: Եվ ոչ միայն Բաքվում, այլ նաև ողջ Ադրբեջանում: Եթե հայերն ընդամենը 2 տարի դիմանային, ողջ Ադրբեջանն իրենց ձեռքերում կլիներ: Այս շփվող, աշխատասեր, հեշտ ադապտացվող ազգը կարող էր ամեն ինչի հասնել: Օրինակ, BP-ում հաստատ միայն հայեր կաշխատեին: Կատարվածից հետո ես հայերին խելացի չեմ կարող համարել:

Սեյմուր Բայջան, գրող