Գլխավոր / Հայաստան / Տասնյակ սիրիացիներ գնդակահարվել են ուրբաթօրյա աղոթքից հետո

Տասնյակ սիրիացիներ գնդակահարվել են ուրբաթօրյա աղոթքից հետո

Սիրիայի 62 քաղաքացիներ զոհվել են ընդդիմության կողմից «Ցասման օր» հայտարարված ուրբաթօրյա հակակառավարական ցույցերի ժամանակ:

Լոնդոնյան իրավապաշտպանների տվյալներով` զոհվածների կեսից ավելին սպանվել են անվտանգության ուժերի կրակոցների հետևանքով, մեծամասամբ Դերաա քաղաքում:
13 մարդ գնդակարահվել է Ռաստան քաղաքում, որտեղ նախագահ Բաշար ալ–Ասադի համախոհները կրակ են արձակել ընդդիմության հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ այն պահին, երբ վերջիններս կարդում էին իշխող կուսակցության շարքերը լքած և ընդդիմադիրների կողմն անցած 50 անդամների անունները: Սիրիայի իշխանությունների տվյալներով` ցուցարարները 5 զինծառայող են սպանել:

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել սիրիական պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում` նախագահի երկու հարազատների:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել, որը դատապարտում է սիրիական իշխանությունների գործողությունները, հաղորդում է EFE-ն:

Բանաձևի օգտին քվեարկել է 26 երկիր, 9-ը դեմ են եղել, ևս 7-ը ձեռնպահ են մնացել:

Բանաձևին կողմ են հանդես եկել ԱՄՆ-ն, Եվրամիության երկրները, ինչպես նաև մի շարք աֆրիկյան և լատինոամերիկյան պետություններ, այդ թվում` Ուրուգվայն ու Մեքսիկան: Գործակալության տվյալների համաձայն` դեմ են քվեարկել, մասնավորապես, Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Կուբան, Էկվադորը: