Home / Հայաստան / Ընդդիմության թիկունքը՝ հասարակական ակտիվությունն է. ՀԱԿ-ի հանրահավաքի մասին

Ընդդիմության թիկունքը՝ հասարակական ակտիվությունն է. ՀԱԿ-ի հանրահավաքի մասին

Երբ  Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքին խոսվեց ջրբաժանի մասին, մեծ չէր հավանականությունը, որ իշխանությունները որոշակի քայլեր կկատարեն, այդ իսկ պատճառով պահանջները դրված էին ուլտիմատիվ ձևով` կամ երկխոսություն կամ ջրբաժան:

Epress.am-ի հետ զրույցում հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը խոսել է Հայ Ազգային Կոնգրեսի վերջին` ապրիլի 28-ի հանրահավաքի մասին:

«Էդ ջրբաժանը մարդկանց մոտ ակտիվ գործողություների ակնկալիք էր առաջացրել: Եվ երբ այդ ընթացքում երկու պահանջները կատարվեցին, իսկ մեկի մասին կիսատ ակնարկ եղավ, դրանից հետո ջրբաժան հայտարարելը սխալ կլիներ, իսկ չհայտարարելու դեպքում էլ այն մարդիկ, ովքեր լուրջ ակնկալիքներով էին եկել, փաստորեն, հիասթափվեցին: Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակավոր բան է. մեկ ամիս ժամանակը շատ լուրջ ժամանակահատված է, որպեսզի մարդիկ մտածեն, վերապրեն այս ամեն ինչը, և նաև հուսով եմ, որ քանի որ մեր շարժումը շատ լուրջ ձևով է դրել հարցերը, այն կես հարցը, որ չէր լուծվել, դա էլ լուծվելու է մինչև մայիսի 31-ը, և դա նոր զարթոնքի, նոր վերելքի առիթ է դառնալու»,- ասել է մեր զրուցակիցը:

Տիգրան Պասկևիչյանը նաև անդրադարձել է ապրիլի 28-ի հանրահավաքի մասնակիցների թվին.

«Տարբեր ժամանակներում և տարբեր իրավիճակներում այլ է լինում. իմ տպավորությամբ քիչ չէր ժողովուրդը, բայց եթե անգամ քիչ էր, պետք է ասեմ, որ այդ երկու պահանջների կատարումը որոշակի զանգվածի մոտ առաջացրել է հետևյալ միտքը. «դե ամեն ինչ նորմալ գնում է, միգուցե, իմ ներկայությունը այդքան էլ պարտադիր չէ»: Սակայն մեր շատ ու ավելի շատ լինելը շատ կարևոր է, քանի որ Ազատության հրապարակը բացվեց ու բացվեց նրա շնորհիվ, որ մենք շատ էինք, մենք շատ էինք, մենք գնացինք, մեզ դիմադրելն անիմաստ էր: Բայց վաղը եթե քիչ լինենք, Ազատության հրապարակը կփակեն, կասեն էստեղ երեխաներն այսօր տուռնիկներից կախվելու են: Ինչ վերաբերում է երկրորդ պահանջի` մարտի մեկի բացահայտման հավաստիացմանը. դրա բացահայտման վերջնական հավաստումը ստացել ենք, այո, բայց դրան հասնելու համար մենք պետք է կանգնած լինենք, ու պետք է շատ կանգնած լինենք, շատ մարդ պետք է լինի, որպեսզի իշխանությունները հասկանան, որ հավաստիացում անելով, իսկ հետո, այսպես ասած, այդ հարցը ջրելով, մոռացնել տալով` չի կարող առաջ գնալ»:

Հրապարակախոսն ասել է, որ եթե մինչ մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալներն ազատվեն, դրանից հետո կլինի երկխոսություն, իսկ երկխոսության թեման պարզ է` արտահերթ ընտրություններ:

«Այսինքն` նորից պետք է ասեմ, որ այդ դեպքում ևս շատ մարդկանց մասնակցությունը շատ պարտադիր է: Մարդիկ չպետք է մտածեն, որ լավ սա եղավ, կարելի է չգնալ արդեն, թողնենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ երկխոսեն: Բայց չէ՞ որ այդ երկխոսության մեջ ամեն մեկը դնելու է իր պահանջը. ընդդիմությունը դնելու է խնդիրներ, իշխանությունը փորձելու է չլուծել այդ խնդիրները, իսկ ընդդիմության թիկունքը պետք է ապահովված լինի հասարակական ակտիվությամբ», – ասել է Տիգրան Պասկևիչյանը: