Home / Հայաստան / «Սարդարապատը» կոչ է անում նպաստել «նոր որակի ուժի» հզորացմանը

«Սարդարապատը» կոչ է անում նպաստել «նոր որակի ուժի» հզորացմանը

Իշխանությունը ժողովրդից խլած, Հայաստանն  ասպատակության ենթարկող իշխող ռեժիմը նախանձախնդիր կերպով շարունակում է իրականացնել երկրի և ժողովրդի թալանը, ասված է «Սարդարապատ» շարժման այսօր տարածած հայտարարության մեջ:

Հեղինակները նշում են, որ առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետևանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափվելու և հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ:

«Այնինչ, այսօր ժողովրդի արյուն հեղած ոճրագործ ռեժիմին երկխոսության, գործակցության և համերաշխության կոչերով փորձում են ձեռք մեկնել բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ:
Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որևէ շեղում այս ընթացքից ուղիղ  ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝  մարգինալացում։ Համերաշխությունն անհրաժեշտ է միմիայն մեր ժողովրդի բոլոր հատվածների, ռեժիմին դիմադրող խմբերի, քաղաքական և հասարակական ընդդիմադիր միավորների միջև: Եվ այդ դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս: Ապրիլի 28–ին  բարձրաձայնվեց քաղաքական նոր իրավիճակի սկզբնավորման մասին:
Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդն ունի ներուժ ձերբազատվելու իրեն կեղեքող որևէ ռեժիմից: Կառավարման առկա համակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչված են կազմակերպել և առաջնորդել ժողովրդին իրավիճակը օր առաջ փոխելու համար և պարտավոր են  լինել վճռական ու նշված ուղուն հավատարիմ», – ասված է հայտարարության մեջ:

Վերջինիս ամփոփիչ հատվածում «Սարդարապատ» շարժումը նշում է, որ «յուրաքանչյուր մտահոգ անձ, ով իրապես զգում է հայրենիքին սպառնացող վտանգը, կարող է, ուստի և պարտավոր է նպաստել նոր որակի ուժի՝ դիմադրական ճակատի հզորացմանը»։