Home / Հայաստան / Հաշվարկված քայլեր և համբերություն. Բարեղամյանն այցելեց ակտիվիստներին

Հաշվարկված քայլեր և համբերություն. Բարեղամյանն այցելեց ակտիվիստներին

Երեկ «Սևան» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը խոստացել էր, որ այսօր իր առաջին գործն է լինելու ծաղիկներ դնել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 2008 թվականի մարտի 1-ին հավաքվել էին ընդդիմության ներկայացուցիչները:

Այսօր Բարեղամյանը կատարեց իր խոստումը, որից հետո ՀԱԿ-ի ակտիվիստների հետ միասին շարժվեց դեպի Սարյանի արձան, որտեղ ավանդաբար քաղաքական զբոսանքներ են անցկացնում ընդդիմության համակիրները:

Մինչ Բարեղամյանի ժամանելը Սարյանի արձանի այգին արդեն լեփ-լեցուն էր ՀԱԿ-ի անդամներով:

Քաղբանտարկյալին հավաքվածները դիմավորեցին ծափերով և «Արամ, Արամ» վանկարկելով, այնուհետև շամպայն բացեցին և միմյանց շնորհավորեցին ևս մեկ քաղբանտարկյալի ազատ արձակման կապակցությամբ:

Սարյանի այգում ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«Էն մեծ խնդիրը, էն մեծ երազը, որ բոլորս փայփայում ենք և աշխատում ենք դրա համար, թող շատ շուտ իրականանա»,- նշեց Մանուկյանը:

Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության գրասենյակի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում ասաց. «Իհարկե, մենք առաջին էտապով ազատվեցինք ձեր` ժողովրդի պայքարի արդյունքում: Էսօր մեր տղաները ազատվելու են էլի ժողովրդի, մեր շարժման պայքարի արդյունքում: Բայց  ես ձեզ ուզում եմ ասել, որ եթե 28-ին (նկատի ունի ապրիլի 28-ի հանրահավաքը) սխալ որոշում կայացնեինք, Արամն էսօր մեզ հետ չէր լինելու: Սա ևս մի ապացույց է, որ մեր բոլոր քայլերը շատ ճիշտ են, ճիշտ հաշվարկված են, ու գնդակը հիմա իշխանության դաշտում է, պարտադիր պիտի քայլ անի, չի կարող քայլ չանել»:

Արամ Բարեղամյանը շնորհակալություն հայտնեց ժողովրդին` նշելով, որ ինքը ազատության մեջ է նրանց հետևողական պայքարի շնորհիվ:

«Եվ մենք իշխանությունների գործած վայրենությունից հետո տեղափոխվել ենք շախմատի դաշտ, մենք հաղթելու ենք կարճ ժամանակում, համբերություն է պետք մի քիչ: Սովետական մյուս պետությունների համեմատ մենք մեր անկախությունը մեր պայքարի միջոցով ենք ստացել: Իսկ  1998 թվականից փորձում են խլել մեր ազատ ապրելու իրավունքը: Մենք ապացուցեցինք, որ իրավունք ունենք արժանապատիվ ապրելու»,- ասաց Արամ Բարեղամյանը: