Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյան. Գնում է բաց դիալոգ

Լևոն Տեր-Պետրոսյան. Գնում է բաց դիալոգ

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին այցելելուց հետո պատասխանելով հարցին, թե ինչու հենց հիմա է որոշել հանդիպել Փաշինյանին, վստահություն է հայտնել, որ եթե նախկինում դիմեր խնդրանքով, ապա իրեն թույլ չէին տա:

«Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ և Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, և մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, և քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որը ավարտվելու է մայիսի 28-ին, ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչեւ 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել», – Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն է մեջբերում «Ազատությունը»:

Վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը` Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում իշխանությունների և հասարակության միջև բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում:

«Դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը և պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն: Սա չպետք է ավարտվի: Երկխոսությունը պիտի լինի մշտական: Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս, նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն», – ասել է նա:

«Պետք է գնահատել, ոչ թե ռեվերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածություններին մասին: Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին և հասարակությանը, և իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ և ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ և այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել», – նշել է ընդդիմության առաջնորդը:

Ինչ վերաբերում է ապրիլի 28-ի հանրահավաքից հետո ժողովրդի` նստացույց անելու պահանջին, ապա այս հարցի առնչությամբ Տեր-Պետրոսյանն ասել է. «Բնականաբար, կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ` այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը»: