Home / Հայաստան / Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեությունը կստուգեն

Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեությունը կստուգեն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ:

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ մանրամասն կուսումնասիրվեն թե տեղական արտադրողների, թե ներմուծողների և թե ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները վերջին շրջանում դժգոհում են Թուրքիայից ներկրվող բանջարեղենների, մասնավորապես, լոլիկի ներմուծման դեմ: Մասնավորապես, հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի մոտ նրանք բողոքի ցույց էին կազմակերպել: Ըստ ֆերմերների պարզաբանումների, Թուրքիայից ներկրվող բանջարեղենը շուկայում իրացվում է անհամեմատ ցածր գնով, ինչն էլ խոչընդոտում է տեղական արտադրողի  գործունեությանը: Որպես պատճառ բողոքողները նշում են անօրինական ներմուծումը: