Home / Հայաստան / «Ինձի կթաղեք սպիտակ դագաղով». ինքնասպանություն «ԿՊԶ»-ում

«Ինձի կթաղեք սպիտակ դագաղով». ինքնասպանություն «ԿՊԶ»-ում

«Առավոտ»-ի տեղեկություններով` ապրիլի 30-ին ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն մարզի Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանը:

«Մեզ հայտնի դարձավ, որ Բադալյանը գիշերը Կոշ գյուղում ամուսնության նպատակով առևանգել է 16-ամյա մի աղջկա (նախաքննության շահերից ելնելով` անունը չենք հրապարակում): Աղջկա հայրն աշխատում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 16-ամյա աղջկա առևանգման փաստով նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական գլխավոր վարչության Աշտարակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ` Բադալյանը ձերբակալվել և պահվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի ՁՊՎ-ում: Նրա հանցակից երեք ընկերների նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկն աշխատում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Ապրիլի 30-ին քննիչի միջնորդությամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ, որտեղ քննիչը միջնորդել է, որպեսզի Մ. Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատավորը բավարարել է միջնորդությունը և արդեն դատարանից նրան տեղափոխել ՁՊՎ, որտեղ էլ Բադալյանը գրություն է թողել, որտեղ գրել է. «Շնորհակալ եմ բոլորիցդ, ինձի կթաղեք սպիտակ դագաղով ու սպիտակ կաստյում-շալվարով»: Պատմում են նաև, որ նույն գրությունը ինքնասպանը գրել է իր ափի մեջ»: