Home / Հայաստան / Արոնյանը կրկին չկարողացավ իրացնել առավելությունը

Արոնյանը կրկին չկարողացավ իրացնել առավելությունը

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի խաղաց: Այսօր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի դեմ Արոնյանը խաղում էր սպիտակներով: Շախմատիստները Գրյունֆելդի պաշտպանություն խաղարկեցին, և հայաստանցի գրոսմայստերը բավական մեծ առավելություն ստացավ, ինչպես դա տեղի էր ունեցել մայիսի 5-ի մրցավեճում, սակայն դարձյալ չկարողացավ իրացնել այն: Վերջնախաղում Արոնյանը երկու զինվոր և նավակ ուներ մրցակցի մեկ զինվոր, մեկ նավակի դիմաց, սակայն դա բավական չեղավ միավոր կորզելու համար: Մրցավեճում պահպանվում է հավասարությունը՝ 1,5:1,5:

Վաղը կկայանա դասական շախմատի վերջին՝ 4-րդ պարտիան: Արոնյանը կխաղա սևերով, իսկ ոչ-ոքիի դեպքում հաջորդ օրը մրցակիցները կմրցեն թայ-բրեյկում:

Քառորդ եզրափակիչ փուլի Վլադիմիր Կրամնիկ – Թեյմուր Ռաջաբով զույգում նույն իրավիճակն է տիրում. Գրոսմայստերները երեք ոչ-ոքի են խաղացել, և վաղը ռուսաստանցի Կրամնիկը ադրբեջանցի շախմատիստի դեմ կխաղա սպիտակներով:

Երեկ պարտիայից հետո ամերիկացի Գատա Կամսկին 2:1 հաշվով հաղթում է բուլղարացի Վեսելին Տոպալովին: Կամսկին վաղը հանդես է գալու սև ֆիգուրներով: Իսրայելցի Բորիս Գելֆանդն այսօր սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, և վաղվա պարտիայից առաջ առջևում է 2:1 հաշվով: Կամսկիին և Գլեֆանդին վերջին տուրում բավական է ոչ-ոքի խաղալ կիսաեզրափակիչ դուրս գալու համար: