Home / Հայաստան / ԵԺԿ նախագահը կարևորում է Հայաստանում բարեփոխումների իրականացումը

ԵԺԿ նախագահը կարևորում է Հայաստանում բարեփոխումների իրականացումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, Արևելյան գործընկերության ծրագրի միջոցառումների ընթացքի, միջկուսակցական փոխգործակցության և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ընտրել է  բարեփոխումների ճանապարհը, և այդ բարեփոխումների իրականացման հարցում չափազանց կարևոր է Եվրամիության հետ համագործակցությունը:  Հանրապետության ղեկավարը կարևորել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության հարաբերություններն ու համագործակցությունը, որն ըստ նրա, անհրաժեշտ է ոչ միայն Հանրապետական կուսակցությանը, այլև` մեր երկրին ընդհանրապես:

ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խոսելով հայաստանյան իր հագեցած աշխատանքային ծրագրի շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումներից ստացած տպավորությունների մասին` դրանք որակել է գերազանց, այցը համարել` կարևոր և հետաքրքիր: ԵԺԿ  նախագահի խոսքով` նախատեսված բարեփոխումների մեծ մասն իրականացվել է, իսկ մի մասը գտնվում է իրականացման ընթացքում: Նա կարևոր է համարել այն կամքը, որ նկատելի է երկրում բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: