Home / Հայաստան / Ֆրանսիայի առաջին տիկինը չի ժամանել Կաննի փառատոնին, հավանաբար, հղիության պատճառով

Ֆրանսիայի առաջին տիկինը չի ժամանել Կաննի փառատոնին, հավանաբար, հղիության պատճառով

«Կեսգիշերը Փարիզում»` այսպես է կոչվում ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմը, որով բացվում է Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնը: Փարիզ այցելած ամերիկացի զբոսաշրջիկների մասին պատմող այս ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղում է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ակնկալվում էր, որ Բրունին այսօր կժամանի Կանն` այլ աստղերի հետ միասին անցնելով կարմիր գորգով: Վերջին պահին, սակայն, Նիկոլա Սարկոզիի կինը չեղյալ հայտարարեց իր այցելությունը` «անձնական պատճառներ» մատնանշելով: Ֆրանսիական որոշ պարբերականներ պնդում են, որ անձնական պատճառը 44-ամյա առաջին տիկնոջ հղիությունն է:

Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը Կաննում ցուցադրվելու է միայն արտամրցութային ծրագրում:

Ինչ վերաբերում է մրցութային ծրագրին, ապա այստեղ ընդգրկված ֆիլմերը գնահատելու է հեղինակավոր ժյուրին, որն այս տարի ղեկավարելու է Ռոբերտ Դե Նիրոն: Ժյուրիի կազմում են նաեւ դերասանուհի Ումա Տուրմանը, բրիտանացի դերասան Ջուդ Լոուն, նորվեգացի հայտնի արձակագիր Լին Ուլմանը, որը, ի դեպ, մեկ անգամ`1997 թվականին, արդեն իսկ բարձրացել էր Կաննի բեմ` ստանալու իր հռչակավոր հոր` Ինգմար Բերգմանի համար նախատեսված հատուկ մրցանակը:

Կաննի հիմնական մրցութային ծրագում է ընդգրկված նաև իսպանացի Պեդրո Ալմադովարի վերջին` «Մաշկը, որում ես ապրում եմ» ֆիլմը: Կինոնկարի գլխավոր հերոսը կոսմետիկ վիրահատություններով զբաղվող բժիշկ է:

Մրցութային ծրագրում են նաև թուրք հայտնի ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը, ինչպես նաեւ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա»-ն: Դանիացի ռեժիսորի ֆիլմի բոլոր իրադարձությունները ծավալվում են մի հարսանիքի ընթացքում:

Ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Կիլիմանջարոյի ձյունը» ֆիլմը ընդգրկված է կինոփառատոնի մեկ այլ` «Հատուկ հայացք» կոչվող ծրագրում: Ֆիլմի գլխավոր հերոսը արհմիութենական ակտիվիստ է, որին թոշակի անցնելուց ընդամենը մի քանի տարի առաջ հեռացնում են աշխատանքից: