Home / Բանտ / Նիկոլ Փաշինյանը` կյանքի ետնաբեմի հատակում ճանապարհորդության մասին

Նիկոլ Փաշինյանը` կյանքի ետնաբեմի հատակում ճանապարհորդության մասին

Ապրիլի 27-ին Epress.am լրատվական կայքը լրատվամիջոցների ակցիայի շրջանակներում 6 հարց էր ուղղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այս շաբաթվա ընթացքում Epress.am-ը ներկայացնում է Փաշինյանի պատասխանները:

Հարց.

Բանտում հայտնվելը որքանո՞վ է փոխել Ձեր պատկերացումը իրականության մասին: Ի՞նչ նոր փորձ և գիտելիք եք ձեռք բերել:

Պատասխան.

Բանտում հայտնվելը ոչ թե փոխել, այլ հարստացրել է իմ պատկերացումները հայաստանյան իրականության մասին: Շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր կարողացել են կամ կկարողանան իրականացնել այնպիսի մի ճանապարհորդություն, ինչպիսին ես եմ իրականացնում. «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, «Նուբարաշեն» ՔԿՀ, «Կոշ» ՔԿՀ, «Արթիկ» ՔԿՀ: Պատժախուց` հնարավոր ամենախիստ ռեժիմով, մենախուց: Սա մի ճանապարհորդություն է կյանքի ետնաբեմի հատակում, մի երթուղի, որ փակ է հայաստանցիների 99 տոկոսի համար: Իսկ ես այդ բոլոր տեղերում ոչ միայն եղել եմ, այլ ապրել եմ տևական ժամանակ: Պատկերացրեք` այս ընթացքում որքան է հարստացել իմ իմացությունը հայաստանյան իրականության մասին: Այս ընթացքում ինձ հասկանալի են դարձել «դրսի» կյանքի մի շարք երևույթներ, որ վախենամ` դրսում գտնվելու ընթացքում չէի կարող հասկանալ: Բանտը նաև օգնում է մարդուն հասկանալ,  թե ո՞վ է ինքը իրականում, ի՞նչ արժե իրականում:

Եվ ի դեպ, որքան էլ շատ են հոդվածները, զեկույցները, պաշտոնական հաղորդագրությունները, ջահելական ու սեղանամերձ զրույցները բանտերի վերաբերյալ, հայաստանյան կյանքի այս ետնաբեմի մասին արտաքին աշխարհում չափազանց քչերը իրական պատկերացում ունեն: Տարածված պատկերացումների 99 տոկոսը կարելի է համարել ծիծաղելի: Ամեն դեպքում` բանտում գտնվելը կարևոր փուլ է իմ կյաքնում, որովհետև որևէ այլ ճանապարհով չէի կարող ինձ համար կարևոր մի շարք հարցերի պատասխաններ իմանալ: Այդ պատասխաններից մի մասի վերաբերյալ ընթերցողի հետ արդեն խոսել եմ: Կարծում եմ` առիթներ դարձյալ կլինեն: