Home / Հայաստան / Եվրատեսիլի հաղթող ադրբեջանցի զույգը խոստացել է «միավորել Եվրոպան»

Եվրատեսիլի հաղթող ադրբեջանցի զույգը խոստացել է «միավորել Եվրոպան»

Մայիսի 14-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ-2011» երգի մրցույցթում 221 միավորով հաղթող ճանաչվեցին Ադրբեջանը ներկայացնող Էլդարը և Նիգյարը:

Մրցույթից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք շնորհակալություն են հայտնել իրենց ծնողներին և տատիկներին ու պապիկներին, ովքեր այլևս իրենց հետ չեն, գրում է eurovision.tv-ն` միաժամանակ նշելով, որ երկու հաղթողների աչքերն էլ արցունքներով էին լցված:

«Առաջին իսկ օրվանից վստահ էի, որ հաղթանակը մերն է լինելու»,- հայտարարել է Էլդարը:

Լրագրողների այն հարցին` ինչպես կարող է երգը ծառայել Եվրոպայում առկա խնդիրների լուծմանը, Էլդարը պատասխանել է. «Մենք ուզում ենք մեր երգով միավորել Եվրոպան»:

Նիգյարը հավելել է, «Ընդամենը մի քանի ամիս առաջ ես տնային տնտեսուհի էի, այժմ ես Եվրատեսիլի հաղթողն եմ: Դա իմ ամենամեծ երազանքն էր»:
Ինչպես գրում է «Եվրատեսիլի պաշտոնական կայքը, երկար սպասելուց հետո հնդիկ լրագրողը հարց է ուղղել մրցույթի հաղթողներին, թե ինչպես է Ադրբեջանը, որը գտնվում է Ասիայում, պատրաստվում հյուրընկալել Եվրոպայի ամենասիրելի TV շոուն, ինչին ի պատասխան զույգը միասնաբար պատասխանել է. «Երաժշտությունը սահմաններ չունի, մենք պարզապես ուզում ենք, որ մարդիկ հաճույք ստանան դրանից»:

Ասուլիսի վերջում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել այս տարվա մրցույթի կազմակերպիչներին հրաշալի շոուի համար և հավելել. «Մենք ավելի լավը կարող ենք կազմակերպել: Համեցեք Ադրբեջան»: