Home / Հայաստան / Նախաձեռնությունը դեմ է Հանրապետության հրապարակում նոր շենքի կառուցմանը

Նախաձեռնությունը դեմ է Հանրապետության հրապարակում նոր շենքի կառուցմանը

Մի խումբ քաղաքացիներ  և ճարտարապետներ, Քաղաքաշինության  նախարարության պաշտոնական կայքից և  մամուլից տեղեկանալով, որ նախատեսվում  է Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ Կառավարական թիվ 1 շենքի  համար կառուցել վեր խոյացող աշտարակ, հայտնում են իրենց անհամաձայնությունը նշված գաղափարին ու կոչ անում  ՀՀ Կառավարությանը դադարեցնել նշված  ուղղությամբ սկսված աշխատանքները։

Այս մասին հայտարարություն է տարածել «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Վերջիններս գտնում են, որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից ի սկզբանե նախատեսված աշտարակի իրականացումը ժամանակավրեպ է և անտեղի և բացատրում են, թե ինչու.
«1. Նախագիծն իրենից ներկայացնում է թամանյանական գաղափարի փոփոխված տարբերակը, իսկ Երևանը տեսել է թամանյանական գաղափարների «արդիականացման» տապալված օրինակներ՝ հանձինս գրեթե անմարդաբնակ Հյուսիսային պողոտայի,

2. Անթույլատրելի է պետական պաշտոնյաների աշխատասենյակներում փակ ու անհասականալի պայմաններում մշակել Հանրապետության գլխավոր հրապարակում իրականացվող քաղաքաշինական նման խոշորածավալ և կարևոր միջամտություն, ավելին` նրանց թույլատրել զբաղվել դրա նախագծմամբ,

3. Ըստ ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի, նման քաղաքաշինական խոշոր ծրագրի իրականացումից առաջ պետք է իրականացվեն պատշաճ հանրային, ինչպես նաև մասնագիտական քննարկումներ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել,

4. Հանրապետության հրապարակի համալիրը այսօր էականորեն տարբերվում է Թամանյանի կողմից նախագծված հրապարակից, այդ իսկ պատճառով նախատեսվող աշտարակի կառուցումը խաթարելու է հրապարակի առկա համընդհանուր տարածական լուծումը,

5. Ժողովրդավարական հասարակության արդի ընկալումների համատեքստում աննպատակահարմար է պետական կառավարչական շենքերի շեշտումն ու մոնումենտալացումը

6. Երևան քաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված կենտրոնը չի կարելի ծանրաբեռնել նոր վարչական շենքերի կառուցմամբ, ավելին՝ այն պետք է ազատել կառույցներից` զարգացնելով քաղաքի թերզարգացած ծայրամասերը:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը դադարեցնել նշված ուղղությամբ սկսված աշխատանքները, որից հետո սկսել քննարկումներ նշված խնդիր շուրջ։ Պատրաստակամ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել ցանկացած ձևաչափի և ընդգրկման բաց ու թափանցիկ գործընթացի։

Վստահ ենք, որ ՀՀ Կառավարությունը կկատարի շոշափելի քայլեր այս ուղղությամբ` բացառելու այս քաղաքաշինական սխալ ու հապճեպ որոշման իրականացումը»:

Նշենք, որ հայտարարության տակ նաև նշված են նախաձեռնողների անուններն ու հեռախոսահամարները`

Մանե Թամանյան՝ 091-400491,

Անի Վերյանյան՝ 091-310336,

Սևադա Պետրոսյան՝ 093-244620,

Սարհատ Պետրոսյան՝ 093-776655