Home / Հայաստան / ՀՀ ԱԺ պատգամավորը գրում է Եվրոպա, նրա եղբայրը հացադուլ է անում

ՀՀ ԱԺ պատգամավորը գրում է Եվրոպա, նրա եղբայրը հացադուլ է անում

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ դատախազության, «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով»:

Այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին չորս վկաներ, որոնք բոլորն էլ աշխատել են Տիգրան Փոստանջյանի հետ Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Առաջին վկան` Վանիկ Խաչատրյանը, դատարանում տված ցուցմունքում նշել է, որ 2010 թվականին սեպտեմբերին ինքը նկատել է, որ  թաղապետարանի շենքում  երկու անծանոթ մարդիկ վիճում են Տիգրան Փոստանջյանի հետ և խոսք է  գնում 40 000 դրամի մասին: Ըստ Խաչատրյանի, այդ երկուսն ասել են, թե «40 000 դրամ ինչի՞ համար ենք տվել, որ տեղեկանքը ուշանում է»:

Երբ դատախազը հարցրել է, թե արդյո՞ք Խաչատրյանը լսել է 100 000 դրամի մասին, վկան բացսական պատասխան է տվել: Այդ պատասխանից հետո դատավոր Արթուր Մկրտչյանն անմիջապես նշել է, որ հարցը հուշող էր, և հանել է այն:

Հարկ է նշել, որ բոլոր վկաները իրենց նախաքննական ցուցմունքներում նշել են, որ տեղյակ են 100 000 դրամի մասին, որ այդ հարցը քննարկվել է թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Հրայր Անտոնյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որ նա բարկացել է Փոստանջյանի վրա, երբ իմացել է այդ մասին և դուրս է հանել խորհրդակցությունների սենյակից: Հիշեցնենք, որ խոսքը գնում է Կոմիտասի 23/1 հասցեում կառուցվող կառույցի մասին, ըստ նախաքննության Փոստանջյանը դրա ապօրինի լինելու մասին արձանագրություն չի կազմել:

Վկաները նշել են, որ իմանալով, որ այդ կառույցը ապօրինի է, իրենք դարարեցրել են շինարարական աշխատաքները: Վկա Սամվել Սիմոնյանը իր ցուցմունքում նշել է, որ խորհրդակցության ժամանակ Տիգրանը պետին ասել է, որ այդ շինարարությունը թույլատրելու համար գումար է վերցրել:

Վկաներից Օնիկ Մուրադյանն էլ նշել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է Տիգրան Փոստնաջյանը իր աշխատասենյակում բարկացած պատռել վատ ձեռագրով գրված արձանագրությունը: Այս վկան վրդովվել է, երբ նրան հարցրել են, թե ինչ խոսակցություն է գնացել սեպտեմբերին հրավիրված խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով` դա ներքին կոնֆլիկտ է եղել Փոստանջյանի և թաղապետարանի կոմունալ բաժնի պետի միջև և ինքը անհարմար է զգում ներքին խոսակցությունը բարձրաձայանել: «Հիմա կարողա մի բան էլ խառնեմ, ինչի էս մարդուն վատ լինի, մեկին լավ», – ասել է Մուրադյանը:

Քանի որ աշխատանքային օրն ավարտվում էր, դատավորը հետաձգել է դատական նիստը` նորը նշանակելով մայիսի 20-ին, ժամը 15.30-ին:

Դատական նիստի ավարտից հետո Զարուհի Փոստանջյանը լրագորղներին տեղեկացրել է, որ իր եղբայրը հինգշաբթի գիշերվանից սկսած հացադուլի մեջ է:

«Որովհետև մեկուսարանի պայմանները անտանելի են, 19 անձ պահվում է մեկ խցում և որքան գիտեմ խուցը 25 մետր է, մինչդեռ, ըստ օրենքի, համապատասխան յուրաքանչյուր ձերբակալվածի համար նախատեսվում է 4 քառակուսի մետր տարածք: Հիգիենայի պայմաններ բացարձակ գոյություն չունեն, միջատները  շատ են և դրանից ալերգիա է առաջանում: Այդ միջատներին ոչնչացնելու համար ինչ-որ քիմիական նյութեր են օգտագործում, որը նույնպես ալերգիա է առաջացնում: Նա ասում է, որ ստիպված է հագուստով քնել, որ չկծեն»,- նշել է Փոստանջյանը: Այդ առնչությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը բողոք է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, ոստիկանապետին և Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին և այլ մարմինների ղեկավարներին: