Home / Հայաստան / Գարեգին Բ-ն Ուրուգվայում օրհնել է Էռնեկյանի բիզնեսներից մեկը և հանդիպել է նախագահի հետ

Գարեգին Բ-ն Ուրուգվայում օրհնել է Էռնեկյանի բիզնեսներից մեկը և հանդիպել է նախագահի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շարունակելով հովվապետական այցելությունը Հարավային Ամերիկայի երկրներ, մայիսի 10-ի երեկոյան ժամանեց Ուրուգվայի հայոց թեմ, այս մասին հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու կայքը:

Գարեգին Բ-ն և նրա գլխավորած պատվիրակությունն օդանավակայանից ուղևորվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի:

Երեկոյան կաթողիկոսը հանդիպում է ունեցել համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են ներհամայնքային հարցեր:

Մայիսի 11-ի առավոտյան Գարեգին Բ-ն, ՀՀ դեսպանի և ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելել է քաղաքապետարան և հանդիպում ունեցել Մոնտեվիդեոյի քաղաքապետ Աննա Օլիվերայի հետ: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել հայ համայնքի հանդեպ քաղաքապետարանի մեծ աջակցությունն ու սատարումը` Արմենիա հրապարակի բացման, Հայաստանին նվիրված հուշակոթողի, Հայոց Ցեղասպանության հուշարձանի, խաչքարի զետեղման և Մոնտեվիդեոյում տարբեր հայանպաստ ձեռնարկների իրականացման գործում:

Նույն օրը Գարեգին Բ-ն հանդիպել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի հետ: Հանդիպման ընթացքում նախագահն իր մեծ հարգանքն ու սերն է արտահայտել առ հայ ժողովուրդը` նշելով, որ խորհրդային իշխանությունների տարիներին այցելել է Հայաստան, եղել Մատենադարանում և մեծապես տպավորվել հայ մշակույթով: Նախագահը գոհունակությամբ անդրադարձել է Ուրուգվայի Հանրապետությունում բնակվող հայորդիների բերած մեծ ջանքերին ու ներդրումին երկրի առաջընթացի, բարօրության ու բարգավաճման գործում:

Մայիսի 12-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն իրականացրել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի նոր օդանավակայանի և այնտեղ տեղադրված խաչքարի օրհնության արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Էռնեկյանի ավիաընկերության բարձրաստիճան պաշտոնյա, վաղամեռիկ Արամ Չուլջյանի հիշատակին: