Home / Հայաստան / Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կատարել է իր խոստումները. Թևանյանն ու Բոստաջյանը վիճեցին

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կատարել է իր խոստումները. Թևանյանն ու Բոստաջյանը վիճեցին

Այսօր «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի շրջանականերում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը «Մանդատ» տեղեկատվական հ/կ-ի հետ համատեղ ներկայացրել է իր երրորդ զեկույցը` կապված խորհրդարանական ուժերի 6-7-րդ նստաշրջանների օրենսդրական գործունեության հետ:

Միջոցառմանը մասնակցում էին «Թրանսպարենսի Ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության  գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «Մանդատ» տեղեկատվական հ/կ-ից Լուսինե Վասիլյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, տեղեկատվական ոլորտի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, պատգամավորներ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը և «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Անդրանիկ Թևանյանը, ով խոսեց «իշխանությունների և անձամբ ՀՀ նախագահի չկատարված խոստումների մասին»:

«Խոստացվել էր ներդրումների ծավալների տարեկան 10 տոկոս աճ, սակայն նման բան չկա, ընդհակառակը` այս ոլորտում մենք ունեցել ենք անկում, հաջորդ խոստումը` ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ, փաստն այն է, որ խոստումը չի կատարվել, իսկ հիմա բոլորը շրջվել են դեմքով դեպի գյուղը, և գյուղը պետք է զգուշանա և մտածի այդ մասին»,- կեսկատակ ասել է Թևանյանը:

Նա իր խոսքն ամփոփել է Սերժ Սարգսյանի խոստումների մեջբերմամբ.

«2008 թվականին առաջին անգամ ՀՀ նախագահը ԱԺ-ից ելույթ ունեցավ և խոստումներ տվեց. առաջիկա ամիսների ընթացքում Կառավարությունը սկսում է նոր ատոմակայանի կառուցումը, կարող ենք ինքներս դատել` դա եղել է, թե ոչ: Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունն էր, որը ևս տեղի չի ունեցել»:

Թևանյանի ելույթից հետո Վարդան Բոստանջյանը խնդրել է արձագանքելու հնարավորություն տալ վերջինիս ելույթին և ասել է.

«Ձեր ներկայացրածից ես հասկացա, որ մեր իշխանությունները` սկսած հանրապետության նախագահից վերջացրած գործադիր ամենափոքր կառույցով, ոչ մի դրական բան չեն արել, եթե չասեմ մոլորակում, գոնե ՀՀ տարածքում, բայց խոսքի նման կառուցվածքը ենթադրում է, որ, պարոն Թևանյան, Ձեր համար շատ դժվար է դրական բաներ տեսնել: Դուք որոշակի բաներ եք ասում, որոնց մի մասն իրական է, իսկ մնացած զգալի մասը ֆորս-մաժորային իրավիճակի պայմաններում է»:

Բոստանջյանին լրացնելով` Հանրապետականի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն էլ խնդրել է պահպանել հանդիպման ֆորմատը.

«Խնդրում եմ, փորձագիտական եզրակացություններ և հայտարարություններ անել, և ոչ թե քաղաքական գնահատական տալ»:

«Սա բառիս բուն իմաստով փորձագիտական ելույթ էր»,- պատասխանել է Թևանյանը: