Home / Հայաստան / Իսրայելում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը

Իսրայելում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի, մշակույթի և կրթության հանձնաժողովներին հանձնարարել են քննարկել և Կնեսետի հաստատմանը ներկայացնել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Խորհրդարանի պատգամավորները հանձնաժողովներին նման հանձնարարական տալու մասին միաձայն որոշում են ընդունել:

Խնդիրը քննարկվել է  Կնեսետի այսօրվա նիստում: Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին կետը օրակարգ է մտցրել պատգամավոր Զաավա Գալյոնը, ով ներկայացնում է Մերեց խմբակցությունը, իսկ նրան ակտիվորեն աջակցել է իշխող «Լիքուդ» կուսակցության խմբակցության ղեկավար Զեեվ Էլկինը:

Կնեսետի ամբիոնից ելույթ ունենալով՝ վերջինս նշել է, որ Իսրայելը, որը նրբանկատ կերպով է վերաբերվում սեփական ողբերգության զոհերի հիշարակին և պահանջում է հարգալից վերաբերմունք Հոլոքոստի նկատմամբ այլ երկրներից, բարոյական իրավունք չունի անտեսել այն ողբերգությունը, որն ապրել է հայ ժողովուրդը:

«Իսրայել պետությունը, որը ողջ աշխարհից պատմական արդարություն և բարոական չափանիշների պահպանում է պահանջում, չի կարող հակառակ այդ կոչերին գործել՝ ղեկավարվելով միայն նեղ քաղաքական դիտարկումներով: Ժամանակն է ավարտել Թուրքիային հաճոյանալու քաղաքականությունը և վերջապես հայտարարել է Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: Հրեական պետությունը պետք է առաջիններից հայտարարեր պաշտոնական ճանաչման մասին: Ցավոք, Իսրայելը Արևմուտքի վերջին երկրներից է, որն առայժմ չի ընդունել Ցեղասպանությունը: Բայց լավ է ուշ, քան երբեք», – հայտարարել է Էլկինը:

Ինչպես հաղորդում է «Յոթերորդ ալիք» պարբերականը, այս որոշումը պատմական է: Մինչ այս Հայոց Ցեղասպանության խնդիրը նման ձևաչափով խորհրդարանում չի քննարկվել: