Home / Հայաստան / Հայաստանը միշտ Եվրոպայի մաս է եղել, համոզված է Եվրախորհրդարանի նախագահը

Հայաստանը միշտ Եվրոպայի մաս է եղել, համոզված է Եվրախորհրդարանի նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Սարգսյանը նշել է, որ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու ակտիվ երկխոսությունը դրական լիցքեր են հաղորդում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, և համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առևտրատնտեսական հարաբերությունները, այլ նաև Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը:

Նախագահը նշել է, որ  Հայաստանը պատրաստակամ է եվրոպական փորձի հիման վրա և ԵՄ աջակցությամբ շարունակել բարեփոխումների ուղին: Եժի Բուզեկի խոսքով, Եվրոպայում հավատում են Հայաստանի բարեփոխումների հաջողությանը, որը լավ օրինակ կարող է դառնալ այդ ճանապարհն ընտրած այլ երկրների համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության մեկնարկով երկկողմ կապերը նոր որակական մակարդակի վրա են դրվել, լավ հնարավորություններ են ստեղծվել նաև գործընկեր պետությունների  հետ համագործակցության համար:

«Կարծում եմ, մենք պետք է փորձենք զուգահեռ ամրապնդել միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը: Չափազանց կարևորում ենք Եվրախորհրդարանի՝ որպես համաեվրոպական գործընթացների վրա ազդող հեղինակավոր կազմակերպության հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը», – ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նաև ողջունել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը համարելով մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Եվրոպական խորհրդարանի նախագահը միանգամայն բնական է համարել այդ ընտրությունը` նշելով, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ:

«Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում»,- նշել է Եժի Բուզեկը: