Home / Հայաստան / Զուրաբյանը զրուցել է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների հետ

Զուրաբյանը զրուցել է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների հետ

Մայիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշված է ՀԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական, ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաև արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

«Լևոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը և վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ` սկսելու երկխոսություն` Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով: Զուրաբյանը նշել է, որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման կարևոր երաշխիքներից մեկը կարող է  դառնալ ԵՄ և նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական անպիսի առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2000 տեղամասերից յուրաքանչյուրում տեղավորել առնվազն մեկ մշտական դիտորդ:

Քննարկման ընթացքում վերլուծվել է նաև Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, մենաշնորհային, օլիգարխիկ արատավոր տնտեսական համակարգի ապամոնտաժման անհրաժեշտությունը, փոքր և միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների խախտված շահերը վերականգնելու կենսական անհրաժեշտությունը», – նշում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը: