Home / Հայաստան / Ընդդիմադիրների ազատ արձակումը լավ սկիզբ է հաշտության համար. Եվրախորհրդարանի նախագահ

Ընդդիմադիրների ազատ արձակումը լավ սկիզբ է հաշտության համար. Եվրախորհրդարանի նախագահ

Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը շատ լավ սկիզբ է ընդդիմության և իշխանությունների հաշտեցման համար, որը կարող է ավելի խորանալ և ամրապնդվել ապագայում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

«Կարծում եմ` շատ խոստումնալից էր Հայաստանի նախագահի ելույթը անցած տարվա դեկտեմբերին, որում նա խոստացավ օրենքի գերակայությանն ուղղված խորը բարեփոխումներ իրականացնել երկրում: Սա հաշտեցման շատ լավ սկիզբ է: Ես նաև հանդիպել եմ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի առաջնորդների հետ», – նշեց Բուզեկը` շարունակելով. «Իհարկե, մենք չգիտենք ապագայում ինչ տեսք կստանան խոստումները և որքանով կիրականացվեն: Սակայն ինքնին բավական հուսադրող են այդ խոստումները: Մեզ մնում է միայն սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը անցած շաբաթ հայտարարել է, թե չի բացառում, որ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի գործով հետաքննության շրջանակում հարցաքննության կանչվեն Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը:

Այս կապակցությամբ Եվրախորհրդարանի նախագահը ասաց, թե չէր ցանկանա խոսել այն մասին, թե արդյոք պետք է հարցաքննվի նաև նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ դա «բացառապես Հայաստանի ներքին գործն է, և դատախազության որոշելիքը»:

Հարցին, թե ինչ է հարկավոր ձեռնարկել ապագայում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու համար, Բուզեկը արձագանքեց, որ առաջին հերթին պետք է ապահովվի օրենքի գերակայությունը, իրականացվի մարդկանց ազատ արտահայտվելու, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը, մամուլի լինի իրապես ազատ, լրամշակված Ընտրական օրենսգրքում նշված կետերը չմնան թղթի վրա»: